Wednesday, May 6, 2009

Կարսի պայմանագիրը ճակատագրական նշանակություն է ունեցել Հայաստանի պատմության մեջ

/PanARMENIAN.Net/ 05.05.2009 - Հայ ժողովրդի պատմության մեջ Կարսի պայմանագիրը ճակատագրական նշանակություն է ունեցել: Եթե Կարսի պայմանագիրը մտնի Հայաստանի Ազգային ժողովի օրակարգ, եւ եթե խորհրդարանը վավերացնի այդ պայմանագիրը, ապա դա կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդուարդ Մինասյանը: «Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնել է 1921-ի Մոսկվայի պայմանագրի դրույթները: Կարսի պայմանագրով Հայաստանը կորցրեց իր տարածքների զգալի մասը, ներառյալ Կարսի գավառը եւ Սուրմալուն, որոնցից վերջինը երբեք չի պատկանել Թուրքիային»,- ընդգծել է հայ պատմաբանը: Էդուարդ Մինասյանի խոսքերով, Կարսի պայամանագիրը մի շարք դրույթներ ունի, որոնք հակահայկական բնույթ են կրում: «Պայմանագրով Հայաստանը կորցրեց շուրջ 24 հազար ք/կմ տարածք, Նախիջեւանը դարձավ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի հովանու ներքո: Բացի դրանից, այդ պայմանագիրը նախատեսում է Սեւրի պայմանագրից Հայաստանի հրաժարում: Պայմանագրում հայ-թուրքական սահմանն անցնում է Ախուրյան-Արփաչայով: Սա հենց այն սահմանն է, որն այսօր բաժանում է Հայաստանը եւ Թուրքիան»,- նշել է պատմության ֆակուլտետի դեկանը: Նրա խոսքերով, եթե Կարսի պայմանագիրն ունենար միջազգային վավերացում, ապա Թուրքիան դժվար թե այդքան անհանգստացած լիներ: «Թուրքիայում վախենում են, որ նրանք երբեւէ կանգնելու են Կարսի պայմանագրի միջազգային վավերացման բացակայության խնդրի առաջ: Երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, հարաբերությունների կարգավորման համար նա առաջադրեց երեք նախապայմաններ, որոնց թվում` Հայաստանի կողմից Կարսի պայամանագրի ընդունումը»,- հիշեցրել է պատմաբանը: Կարսի պայմանգիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

No comments: