Saturday, May 9, 2009

ԱՄՆ-ը չի պատրաստվում հաջորդ տարի Ղարաբաղին գումար տրամադրել

Tert.am. 8-5-2009- «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրն այսօր Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանն էր։ Վերջինս դժգոհություն հայտնեց, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումը և չարտասանեց Ցեղասպանություն բառը։ Միևնույն ժամանակ, Արփի Վարդանյանը կարծում է, որ չարտասանելն ինչ–որ տեղ նույնիսկ ավելի լավ է, քանի որ աշխարհում այս խնդիրն ավելի լայն հնչողություն ստացավ։ Ամեն դեպքում, ակումբի հյուրը լիահույս է, որ գալիք տարվա մեջ մի օր Օբաման կարտասանի Ցեղասպանություն բառը։ Արփի Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ նախագահ Օբամայի ներկայացրած 2010 թվականի բյուջեում, որը թեև վերջնական չէ, Օբաման դարձյալ չի կատարել իր խոստումը, քանի որ այդ բյուջեից հավասարապես պետք է ռազմական օգնություն տրամադրվեր Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև օգնություն ցուցաբերվեր Լեռնային Ղարաբաղին։ Այս տարի այդ օգնությունը կազմել է 48 միլիոն դոլար, իսկ գալիք տարվա համար նախատեսվում է 30 միլիոն դոլար։ Խախտվել է նաև Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող եկող տարվա ռազմական օգնության բալանսը։ Ադրբեջանին տրամադրվելու է 5 միլիոն դոլար, իսկ Հայաստանին՝ 4 միլիոն։ «Ռազմական միջազգային կրթական թրեյնինգների» նպատակով հատկացվող գումարը Ադրբեջանի համար կազմում է 900 հազար դոլար, իսկ Հայաստանի համար՝ 450 հազար։ «Սա սխալ է, և պիտի աշխատենք Կոնգրեսի հետ, որ բալանսը պահպանվի։ Ղարաբաղի համար 8 միլիոն դոլար տրամադրվել է այս տարվա համար, իսկ եկող տարվա համար զրո է»,- տեղեկացրեց Արփի Վարդանյանը։Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա Արփի Վարդանյանը նշել է, որ դրանք շատ կարևոր են, և իրենք ողջունում են այդ բանակցությունները։ Բանախոսը նաև նշեց, որ ինքը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, համաձայն որի Հայաստանի իշխանությունները ծախեցին Ցեղասպանության հարցը։Արփի Վարդանյանը չի հավատում այն խոսակցություններին, որոնք մատնանշում են Հայաստանի իշխանությունների այս հարցում զիջման գնալը։

No comments: