Saturday, May 9, 2009

Եվրոպական հանձնաժողովն աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, Ժոզե Բարոզու

Tert.am. 8-5-2009- Եվրամիության «Արևելյան գործընկերության» մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հետ: Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ։ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպումների ընթացքում զրուցակիցները կարևորել են «Արևելյան գործընկերության» ընձեռած հնարավորությունները` խորացնելու կապերը Եվրամիության հետ, խթանելու առևտրատնտեսական փոխգործակցությունը և դյուրացնելու ներգրավված երկրների հետ Եվրամիության վիզային ռեժիմը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է «Արևելյան գործընկերության» մեծ ներուժը` խթանելու ներգրավված երկրների միջև տարածաշրջանային փոխգործակցությունը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն իր հերթին «Արևելյան գործընկերության» համատեքստում կարևորել է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը` նշելով, որ Եվրոպական հանձնաժողովն ուշադրությամբ հետևում և աջակցում է առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։ Ժոզե Մանուել Բարոզույի և Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարևորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում։ Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաև այդ ուղղությամբ։ Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզույին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ.-երի գործողությունների ծրագիրը։ Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը ՀՀ նախագահի հրամանագրով հաստատվել էր «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին։ Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզուն շնորհակալություն են հայտնել և բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Սերժ Սարգսյանի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդմանը։

No comments: