Tuesday, May 5, 2009

ՀՅԴ-ն իշխանության եւ սփյուռքի

ֆինանսների միջեւ ընտրեց վերջինը Դաշնակցականները պետք է համոզեն, որ մեղսակից չեն հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձություններին Թեեւ արդեն բավականին ժամանակ է անցել, ինչ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին, սակայն ՀՀ քաղաքական օրակարգում շարունակում է թեւածել հարցը, թե ի վերջո` որո՞նք են Դաշնակցության նման որոշման իրական պատճառները, հատկապես, որ ըստ ՀՅԴ ներկայացուցիչների` իրենք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հավատացել են վերջինիս այն հավաստիացումներին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն առանց նախապայմանների եւ այդ առումով ոչինչ չի փոխվել: Այս հարցը արդեն մի քանի օր է շրջում է բոլոր քաղաքական քննարկումներում ու ասուլիսներում, որի պատասխանը, սակայն, մինչեւ այս պահը դեռ հստակ տրված չէ: Կոալիցիայից դուրս գալու Դաշնակցության հայտարարության մեջ այս հարցի կապակցությամբ նշված է, որ իրենց որոշման պատճառը ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն է, սակայն եթե մի պահ ընդունենք, որ թուրքական մամուլում հրապարակված ,Ճանապարհային քարտեզիե կետերն իրականությանը չեն համապատասխանում, ինչին «հավատում են» նաեւ դաշնակցականները, ապա այդ հայտարարությունն առանձնապես վտանգավորություն չի ներկայացնում: Ու այստեղ է, որ առաջ է գալիս պնդումը, որ այնուամենայնիվ ՀՅԴ-ին հայտնի են հայ-թուրքական բանակցություններում արծարծվող որոշ դրույթներ, որոնք իսկապես անընդունելի են ՀՅԴ-ի համար: Ի դեպ, այս մասին ակնարկ կա նաեւ իրենց հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ կան սկզբունքային տարաձայնություններ Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման հարցում, որին իրենք կանդրադառնան դրանց հրապարակումից հետո: Այսինքն` Դաշնակցությունը գիտի ավելին, բայց դեռ այդ մասին չի խոսում: Այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչքան էլ իշխանությունները «սեթեւեթեն», թե բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, իրականում թուրքական կողմի երեք նախապայմանները տեղափոխվել են օրակարգ, որոնցից երկուսը բավարարվել է, իսկ մյուսն էլ բավարավել է անուղղակի: Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու նախապայմանը Հայաստանը բավարարել է, շրջանցելով այդ հարցը, իսկ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը ուղղակի գործընթացը չեզոքացնելու եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ձեւ է: «Երկրորդ նախապայմանը` Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչման հարցը ներառվել է բանակցությունների օրակարգում, իսկ երրորդ նախապայմանը ԼՂ խնդիրն է, որը թեեւ օրակարգում չի դրվել, բայց առկա է պայմանավորվածություն, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթը պետք է հրապարակվի այն բանից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մայիսի 7-ին հանդիպեն Պրագայում եւ ձեռք բերեն պայմանավորվածություն: Այսինքն` ֆորմալ առումով «Ճանապարհային քարտեզում» ԼՂ հարցը չկա, բայց անուղղակի բավարարվել է նաեւ այս նախապայմանը», - ընդգծեց նա: Սակայն իսկապե՞ս Դաշնակցությունը հանուն գաղափարների պատրաստ էր հրաժարվել իշխանական կերակրատաշտից ու լծակներից, հատկապես, որ առաջին անգամ չէ, որ իշխանությունները ազգային հարցերում ՀՅԴ-ի համար ոչ հաճելի որոշումներ են կայացնում, սակայն հայրենի կարկառուն դաշնակցականները միշտ կարողացել են ,լղոզելովե սուր հարցադրումները` մնալ իշխանության կողքին: Այս կապակցությամբ Ս.Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ եթե ՀՅԴ-ն շարունակեր մնալ կոալիցիայի մեջ եւ պրոցեսները այսպես շարունակվեին, Դաշնակցությունը շատ լուրջ խնդիրներ կունենար իր համակիրների, իր ընտրազանգվածի եւ ընդհանրապես Սփյուռքի հետ, անգամ չի բացառվում, որ կուսակցությունը պառակտման եզրին կանգներ: Այլ խոսքով` Դաշնակցությունը ստիպված է եղել ընտրություն կատարել մի կողմից իշխանական լծակների, մյուս կողմից` սփյուռքից եկող ֆինանսավորման ու կուսակցության հնարավոր պառակտման միջեւ, եւ բնականաբար ընտրությունը կանգ է առել վերջինի վրա: Սրան պետք է հավելել նաեւ այն, որ եթե ՀՅԴ-ն մնար կոալիցիայում, ապա մինչեւ ,Ճանապարհային քարտեզիե հրապարակումը եւ առավել եւս դրանից հետո, երբ կպարզվեր թուրքական նախապայմանների առկայությունը, Սփյուռքի իր կառույցներն անգործ էին մնալու, քանի-որ նման փաստաթղթի հավանություն տված կոալիցիայում գտնվելը հնարավորություն չէր տալու նախկին փութաջանությամբ շարունակել իրենց պայքարը Ցեղասպանության ճանաչման համար: Նաեւ սրանով էր պայմանավորված սփյուռքյան կառույցների ճնշումների ուժեղացումը, ինչը հանգեցրեց կուսակցության կոալիցիայից դուրս գալուն: Հիմա, երբ ՀՅԴ-ն արդեն փաստացի իրեն ընդդիմություն է հռչակել, այժմ էլ մեկ այլ դժվարին խնդրի առաջ է կանգնել` գտնել իր տեղը ընդդիմադիր դաշտում, ինչը 10 տարի իշխանություն լինելուց հետո, հավատացեք, հեշտ բան չէ, հատկապես, որ նրանք անպաշտոն կարողացան դիմանալ միայն մեկ գիշեր, որից հետո «չեմ ուզում, գրպանս դիր» կարգախոսով ու սեթեւեթանքով կրկին ստանձնեցին ԱԺ 2 հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Այսքանից հետո կկարողանա` նա ետ բերել իր ընդդիմադրի կեցվածքը, որքանո՞վ դա նրան կհաջողվի եւ ի՞նչ քայլեր պետք է անի այդ դերը վերագտնելու համար: Սրանք այսօր դաշնակցության առջեւ կանգնած գլխավոր հարցերն են, որոնց պատասխանը նրանք պետք է կարողանան տալ շատ կարճ ժամանակում: Այս առնչությամբ, Ս.Սաֆարյանը նշեց, որ չնայած ոմանք համարում են, որ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալը լուծելու է ընդդիմադիր ընտրազանգվածին իր կողմը գրավելու խնդիր, բայց ինքը, որպես փորձագետ կարծում է, որ դրա համար ՀՅԴ-ն պետք է ավելի վաղ դուրս եկած լիներ կոալիցիայից, որովհետեւ ընդդիմադիր ընտրազանգվածի վստահությունը շահելու համար որոշակի ժամանակ է պետք եւ ավելի լուրջ քայլեր: «Այդ ժամանակը ՀՅԴ-ն հիմա չունի», - ընդգծեց նա` հավելելով, որ մյուս կողմից ընդդիմադիր դաշտում Դաշնակցության թեկնածու Արծվիկ Մինասյանի մրցակիցը փորձառու, ազդեցիկ ու խարիզմատիկ քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Պետք է ընդգծել նաեւ, որ բացի այն, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր կեցվածք որդեգրելու համար շատ քիչ ժամանակ ունի, նա նաեւ խնդիր ունի մոռացության մատնել այն փաստը, որ մարտի 1-ին այս արյունոտ իշխանության մասն է եղել, ու այդ ոճրագործության մեղքը նաեւ իր ուսերին է: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում եւս որոշակի կասկածներ ընկնում են ՀՅԴ-ի վրա, պատկերն ամբողջական կդառնա: Այս տեսանկյունից, դժվար թե ,ավանդականե այս կուսակցությանը փրկի այն իրողությունը, թե իրենք ազգային հարցերի համար են լքել կոալիցիան: Այս ամենը հաշվի առնելով` պետք է արձանագրել, որ դաշնակցությունը կանգնած է գրեթե անելանելի վիճակի առաջ: Ընդդիմադիր դաշտում գործող «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը երկրում համակարգային փոփոխությունների եւ ավազակապետական բուրգը կազմաքանդելու օրակարգ են ձեւավորել, որի մեջ առանցքային խնդիր է համարվում ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելը, ու եթե ՀՅԴ-ն ցանկանում է ընդդիմադիր դաշտում տեղ գրավել, պետք է առնվազն նախագահի հրաժարականի պահանջ առաջ քաշի, սակայն, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ` իրենք նման մտադրություն չունեն եւ լինելու են «հավասարակշռված» ընդդիմություն: Այս պայմաններում, ՀՅԴ համար գրեթե անհնար է լինելու հասարակությանը համոզել, թե իրենք ընդդիմություն են, եթե չեն պահանջում ոչ լեգիտիմ իշխանությունների ու նախագահի հրաժարականը: Այս խնդրի առնչությամբ, Ս.Սաֆարյանն ասաց, որ ՀՅԴ-ն ինքը պետք է հասարակությանը ցույց տա, թե ինչպիսի եւ որ խնդիրներով է ընդդիմադիր իշխանությանը: «Եթե մինչեւ ընտրություններ ՀՅԴ-ն գնահատական տա այն համակարգին, որը ձեւավորվել է նաեւ իր աջակցությամբ եւ ցույց տա, որ քաղբանտարկյալների խնդիրներից մինչեւ արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց շարքում է նաեւ նախագահի հրաժարականի պահանջը, ինքը նույնատիպ քաղաքական մոտեցումներն ունի, ինչ «Ժառանգությունը», այդ դեպքում «Ժառանգության» ընտրազանգվածին կարիք չկա լրացուցիչ մեսիջ ուղարկել, թե ով է ընդդիմություն, ով` իշխանություն», - ասաց նա, ընդգծելով, որ միայն մեկ կետով` ազգային հարցերով ՀՅԴ-ի հետ ընդհանրություն ունենալը դեռ բավարար չէ համագործակցության լայն դաշտի մասին խոսելու համար: Հաշվի առնելով վերն ասվածը, պետք է արձանագրել, որ այսօր ՀՅԴ-ն իսկապես լուրջ դժվարությունների առաջ է կանգնած: Մի կողմից Երեւանի ավագանու ընտրություններին այնքան քիչ ժամանակ է մնացել, որ նրանց չի հաջողվելու նոր իմիջով հանդես գալ եւ մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ն չհաղթահարի 7 տոկոսանոց շեմը, հատկապես, որ նա այլեւս զրկված է դաշնակցական նախարարներով պայմանավորված լծակներից, եւ երկրորդ` չպահանջելով նախագահի հրաժարականը, նրանք չեն կարողանալու կայանալ ընդդիմադիր դաշտում ու այս տեսանկյունից, չի կարելի բացառել հավանականությունը, որ ընդդիմադիր դաշտում ձախողված ՀՅԴ-ն որոշ ժամանակ անց կարող է վերադառնալ հարազատ իշխանության գիրկը, ինչպես դա արեցին ՕԵԿ-ի իրենց արդեն նախկին գործընկերները: Մի բան, սակայն, համոզված կարելի է պնդել, որ դաշնակցականներին դեռ երկար ժամանակ չի հաջողվելու մաքրվել ,մարտի 1ե կազմակերպող իշխանության մաս լինելու պիտակից: Արթուր Խեմչյան. «ԺԱՄԱՆԱԿ», 01.05.09:

No comments: