Tuesday, May 5, 2009

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Հայ-թուրքական հարաբերության շուրջ ուշադրությունը Հայաստանում այնքան է մեծացել, խոսակցություններն ու մտքերն այնքան են ծավալվել, կանխատեսումներն ու գնահատականները հաճախակիացել, որ այսօր կարծես թե ամեն ինչ, որ կատարվում է աշխարհում, հայաստանյան դիտանկյունից ընկալվում է որպես հայ-թուրքական հարաբերության համատեքստում տեղի ունեցող: Կարծես աշխարհում էլ ոչ մի ուրիշ բան չի կատարվում եւ օրինակ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չէր կարող ասենք Մոսկվա գնալ որեւէ այլ պատճառով, եւ նրա այցի պատճառն անպայման լինելու է հայ-թուրքական հարաբերությունը: Կամ Սերժ Սարգսյանը չէր կարող Ստեփանակերտ գնալ որեւէ այլ պատճառով, եւ նրա Ղարաբաղ կատարելիք այցի պատճառն անպայման լինելու է հայ-թուրքական հարաբերության եւ այդ համատեքստում Ղարաբաղը որպես նախապայման համարվելու եւ այդ կապակցությամբ էլ ղարաբաղյան քաղաքական ուժերի անհանգստության հանգամանքը: Բայց չէ որ օրինակ Ղարաբաղ այցելել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, երբ Հայաստանի նախագահ էր, բայց երբ դեռ հայ-թուրքական գործընթաց չկար, առավել եւս չկար գործընթացի առաջընթաց, կամ դրա մասին հայտարարություն: Չէ որ Էրդողանը Մոսկվայում կարող էր քննարկել ասենք “Հարավային հոսք” գազամուղի հետ կապված հարցեր: Սակայն շատ հնարավոր է, որ այդ իրադարձությունները, եւ ընդհանրապես ամեն ինչ, ասենք նույնիսկ թուրքական քաղաքներից մեկում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը, երբ 15 րոպե շարունակ գնդակահարվել եւ սպանվել է 45 հարսանքավոր, իսկապես կապված են հայ-թուրքական հարաբերության գործընթացի հետ: Եվ ընդհանրապես, երկիր մոլորակը գուցե արդեն պտտվում է հենց միայն հայ-թուրքական գործընթացի համատեքստում: Այսպիսի դեպքերում հայաստանյան կենցաղ-մշակութային ֆոլկլորը թերեւս օգնում է գտնել լավագույն ձեւակերպումը` “ինչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս”: Այդ իսկ պատճառով էլ այդուամենայնիվ դժվար է ասել` ամեն ինչ կատարվում է հայ-թուրքական գործընթացի համատեքստում, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացն է տեղի ունենում ինչ որ այլ բանի համատեքստում: Բայց սա արդեն ընդամենը աշխարհայացքի եւ աշխարընկալման, հայեցողության խնդիր է: Մեկը կասի, որ սա առավել գլոբալ վերափոխման մի դրվագ է, իսկ մյուսը կասի, որ հայ-թուրքական հարաբերությունն աշխարհը նախաձեռնել է այլ անելիք չունենալու կամ մնացյալ աշխարհաքաղաքական հարցերից ձանձրանալու պատճառով: Սակայն կարծես թե ակնհայտ է, որ գոնե հայ հասարակության մի մասին այս ամենը սկսում է ձանձրացնել: Սկսում է ձանձրացնել այն պարզ պատճառով, որ հայ-թուրքական հարաբերության գործընթացը եթե աշխարհի համար որեւէ լուրջ նպատակ էլ հետապնդում է, ապա հայ հասարակության համար ընդամենը “ծառայում” է լուրջ խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակին: Զբաղվելով անմոռուկի թերթիկների վրա գուշակություն անելով` “կբացվի սահմանը, չի բացվի սահմանը, կբացվի, չի բացվի”, հայ հասարակությունը կտրվել է ներքին խնդիրներից, իսկ իշխանությունն էլ քարոզչական զանազան հնարքների միջոցով միջմոլորակային եւ գալակտիկական հնչեղություն տալով հայ-թուրքական հարաբերության գործընթացին, կարծես թե հասարակությանը զրկել է ներքին խնդիրների հանդեպ պահանջատեր լինելու բարոյական իրավունքից: “Մենք լուրջ, համաշխարհային մասշտաբի գերխնդիրներով ենք զբաղված, որոնք Հայաստանի ճակատագրի հետ են ուղղակի կապվում, իսկ դուք մեզ ինչ որ մանր, ներերկրային հարցերով եք անհանգստացնում: Դե ասեցինք էլի, սոցիալական ծախսերը չեն կրճատվի, ապրեք, մինչեւ տեսնենք ինչ ենք անում հայ-թուրքական հարցը”: Ահա այն մոտեցումը, որ մոտավորապես կարող է իշխանությունը ցուցաբերել ներքին կյանքում հասարակության որեւ է պահանջի հանդեպ: Համենայն դեպս, մթնոլորտն այդպիսին է դարձել, ինչն անկասկած կարելի է դասել իշխանության հաջողության շարքին: Սակայն այդ հաջողությունը հակասության մեջ է մտնում պետության հաջողության հետ: Ոչ միայն այն իմաստով, որ հայ-թուրքական բավական գաղտնի եւ անորոշ բանակցության սեղանին հավանաբար այդուամենայնիվ դրված են հարցեր, որոնք նախապայման են այդ հարաբերությունը կարգավորելու համար եւ անմիջականորեն շոշափում են Հայաստանի ռազմավարական շահը: Պետության հաջողության մասին խոսք չկա նաեւ այն պատճառով, որ առկա մթնոլորտը երկրորդ պլան է մղել ներքին կյանքի կարեւորագույն խնդիրները: Մինչդեռ եթե հիշենք, ապա կարձանագրենք, որ այսօր ամբողջությամբ արտաքին քաղաքականության մեջ “ոտքով ու գլխով” նետված Սերժ Սարգսյանը օրինակ նախագահի ընտրության նախընտրական շրջանում խոսում էր առավելապես ներքին կյանքում բարեփոխումներ իրականացնելու հաստատակամության մասին: Ուր են դրանք, այդ բարեփոխումները: Թեեւ Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ այդ բարեփոխումները հայ-թուրքական սահմանի այն կողմում են եւ սպասում են, ու հենց սահմանը բացվի, դրանք ներկրվելու են Հայաստան: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: