Thursday, May 7, 2009

Թուրքերն ու ադրբեջանցիները Թուրքիայի վարչապետից ու նոր ԱԳ նախարարից սպասումներ ունեն

Tert.am 6-5-2009- Ինչպես մենք արդեն հայտնել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսօր թուրքական Yeni Safak-ն անդրադարձել է երկրի ղեկավարներից մեկի այցին Ադրբեջան՝ նշելով, որ Թուրքիայի վարչապետը ելույթ կունենա Ադրբեջանի միլի մեջլիսի առջև։ Պատճառը, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, պարզ է. Էրդողանը պետք է կարողանա համոզել Թուրքիայի եղբայրական երկրի պատգամավորներին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող գործընթացները վնաս չեն հասցնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքին։ Էրդողանը բացատրություններ տալու խնդիր ունի ադրբեջանցիներին նաև նոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերաբերյալ։ Եվ ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաև իր երկրի քաղաքացիներին։ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի նախագահական ելույթից հետո Թուրքիայում դժգոհության լուրջ ալիք էր բարձրացել՝ կապված երկրի արտաքին քաղաքականության հետ։ Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաև լրագրողներ և քաղաքական գործիչներ իրենց դժգոհությունը հայտնեցին երկրի արտգործնախարար Ալի Բաբաջանի գործունեության վերաբերյալ, ով, ինչպես նշում էին մի շարք գործիչներ, «պարտվեց հայերին»։ Մեծ Եղեռն արտահայտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն «ցեղասպանություն»-ը, այսպիսի կարծիքներ նույնպես հնչեցին։ Էրդողանը որոշակիորեն ճնշման տակ հայտնվելով՝ ստիպված եղավ վերակազմավորել նախարարների կաբինետը՝ աշխատանքից հեռացնելով նաև Ալի Բաբաջանին։ Այս կապակցությամբ, սակայն, ընդդիմադիր Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին նույնպես խիստ դժգոհություն է արտահայտել, հաղորդում է Hurriyet–ը։ Ընդհանուր առմամբ դրական արձագանքելով Բաբաջանին աշխատանքից ազատելու փաստին՝ Բահչելին նշել է, որ նոր արտաքին գործերի նախարարը պետք է լիներ 338 պատգամավորներից մեկը։ «Իշխող կուսակցության վերջին գործողություններում ուշադրության է արժանի այն փաստը, որ նրանք չկարողացան 338 պատգամավորից ընտրել արտաքին գործերի նախարար», - ասել է Բահչելին։ Նա ավելացրել է, որ հարգում է Դավութօղլուի պրոֆեսիոնալ, գիտական որակները, սակայն նշել է, որ -կողքից մեկին նշանակելը հակասում է ազգային կամքին»։ Էրդողանը, իհարկե, հակադարձել է՝ նշելով, որ երբ Բահչելիի կուսակցությունը կոալիցիայի մեջ էր գտնվում, նախարար է նշանակվել մի մարդ, որը նույնպես խորհրդարանի անդամ չի եղել։ Թուրքիայի վարչապետը նաև ստիպված է եղել բացատրել նախարարներին պաշտոններից ազատելու պատճառները։ Նա ընդգծել է, որ նախարարներին հեռացրել են ոչ թե նրանց անհաջողությունների համար, այլ այն պատճառով, որ ընթանում է «նորարարության և թարմացման գործընթաց»։ Որոշ թուրք վերլուծաբաններին պարզապես հետաքրքրել է մի հարց՝ ինչո՞ւ, այդ դեպքում, Էրդողանը հեռացրեց Ալի Բաբաջանին, ով ամենաառաջադեմ նախարարներից էր համարվում։ Ինչևէ, ինչպես նշում է Hurriyet–ը, դեռևս երեկ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում անցել է երդման արարողությունը և պաշտոնապես դարձել է Թուրքիայի նոր ԱԳ նախարար։ Այժմ Դավութօղլուից շատ բան են սպասում Թուրքիայում, ինչպես նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ու առաջիկա հանդիպումները Ադրբեջանում և Ռուսաստանում, ըստ վերլուծաբանների, կարող է հստակեցնել Թուրքիայի արտաքին քաղաքականության, կարծես, փոփոխվող վեկտորը։

No comments: