Thursday, May 7, 2009

Օբամայի խորհրդականը աջակցություն է հայտնել հայ–թուրքական կարգավորմանը

Tert.am 6-5-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ երեկ Սպիտակ տանը հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկեցին հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրներ։ Գեներալ Ջոնսը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այդ ենթատեքստում կարևոր ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ։ Գեներալ Ջոնսը աջակցություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման ուղիներին։

No comments: