Tuesday, May 5, 2009

ԿԱՏՎԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Lragir 4-5-2009- Աշխարհում կան մնայուն արժեքներ ու երևույթներ: Կան նաև հարափոփոխ իրողություններ: Վերջիններիս մեջ հաստատ չի մտնում կատվի երթուղին, որը դարեր ի վեր եղել է նույնը... մինչև մարագը: Բայց “կատվի վազելը մինչև մարագն է” արտահայտությունը վաղուց արդեն ոչ թե մարդու կրտսեր բարեկամներին է վերաբերում, որքան հենց իրեն՝ մարդուն: Առիթներ՝ ինչքան կուզեք: Վերջերս էլ, երբ արցախցի պատգամավորների քաղաքական ակտիվության աննախադեպ միտում նկատվեց, և նրանց կողմից եղան կոշտ ու համարձակ հայտարարություններ, անտեղյակներն անսպասելիորեն ու հաճելիորեն զարմացան՝ “վերջապես...”: Վերջապես հայոց երկրորդ պետականության երեսփոխաններն այլևս չդիմացան՝ “հիմի՞ էլ լռենք”: Նրանք որոշել էին արտահերթ նիստ գումարել և վերջապես աշխարհին ցույց տալ, թե ինչ ասել է “ղարաբաղցու կող”: Արտահերթ նիստի համար պահանջվող 13 կողի փոխարեն ճարվեց 20-ը, քանի որ այդ ոսկորն իրենց մեջ հայտնաբերեցին նաև նրանք, ովքեր ի ծնե զուրկ էին դրանից: Արցախցի պատգամավորներն այնքան վստահ էին իրենց վրա, որ նույնիսկ թաքուն չպահեցին իրենց մտադրությունը, այլ բացեիբաց խոսեցին դրա մասին արցախյան ու հայաստանյան մամուլում: Իրավիճակին ու մեր հերոսներին ծանոթ մարդիկ թերահավատությամբ էին նայում ադ ամենին, խորհուրդ էին տալիս չշտապել եզրակացություններում: Կապրենք մինչև երկուշաբթի՝ երկիմաստ ասում էին նրանք: Երկուշաբթին եկավ, և, իրոք, առանց արտահերթ նիստի: Պարզվեց, որ 20-ից 11-ը հետ են վերցրել իրենց ստորագրությունը: Ասում ենª պարտադիր բուժզննումից պարզվել է, որ նրանք կող չունեն: Սա որպես հարգելի պատճառ է ընդունվել ստորագրությունը հետ վերցնելու համար, քանի որ պատգամավորներին տրվել է համապատասխան տեղեկանք: Այդուամենայնիվ, եթե կատվի երթուղին էն գլխից հայտնի է, ապա անմեկնելի են Աստծո ճանապարհները: Եւ ինչպես նույն ղարաբաղցիներն են ասում՝ “բալքի դյուզը տա յա”: Եւ միգուցե ժամանակն է ոչ թե երթուղին փոխելու, այլ... վազորդներին:

No comments: