Thursday, May 7, 2009

Ադրբեջանն ու Ռուսաստանը չպետք է տեղեր ստանան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, պնդում է Freedom House-ը

Tert.am 6-5-2009- Freedom House և ՄԱԿ-ի Human Watch կազմակերպությունները հորդորել են Միավորված Ազգերի անդամ երկրներին թույլ չտալ մի քանի երկրներին ձայներ ստանալ Մարդու իրավունքների խորհրդում։ Ոչ կառավարական կազմակերպություններն այսօր Նյու Յորքում զեկույց են հրապարակել, որը վկայում է, որ Մարդու իրավունքների խորհրդում պաշտոններ ստանալու համար հաջորդ շաբաթ կայանալիք ընտրությունների մասնակից 20 երկրներից երկու երրորդում արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ աշխարհի յոթ երկրներ՝ Ադրբեջանը, Կամերունը, Չինաստանը, Կուբան, Ջիբուտին, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան չեն համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին։ Բացի այդ, այս ցուցակից երեք երկրներ՝ Չինաստանը, Կուբան և Սաուդյան Արաբիան, համարվում են աշխարհի ամենաճնշող պետությունները, որտեղ խախտվում և ոտնահարվում են բոլոր հիմնարար քաղաքական ու քաղաքացիական ազատության իրավունքները։ Զեկույցի համաձայն՝ ևս վեց երկրներում՝ Բանգլադեշում, Հորդանանում, Քենիայում, Ղրղըզստանում, Նիգերիայում և Սենեգալում, արձանագրվել են մարդու իրավունքների խախտման մասնակի դեպքեր։ Freedom House-ի զեկույցը «որակավորված» է համարել յոթ երկրների, որոնք իրավունք ունեն ձայներ հավաքել և համապատասխանաբար տեղեր ստանալ Մարդու իրավունքների խորհրդում։ Դրանք են Բելգիան, Հունգարիան, Մաուրիտիուսը, Մեքսիկան, Նորվեգիան, Միացյալ Նահանգները և Ուրուգվայը։

No comments: