Saturday, June 27, 2009

Փնտրելու են լրագրողին ծեծողներին

A1+- 25-6-2009- Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է նախաքննությունը լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ քաղաքացի Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման: Սակայն լրագրողի վրա հարձակում իրականացրածներից երկուսին չի հաջողվել հայտնաբերել: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից գրավոր ցուցում է տրվել ոստիկանությանը՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության լիարժեք բացահայտումն ապահովելու համար: Մասնավորապես՝ խնդիր է դրվել հայտնաբերել լրագրողի վրա կատարված հարձակման ականատես այլ վկաների, ստուգել տուժողի, ԶԼՄ-ների կողմիցի հնչեցրած վարկածները, պարզել Կ.Հարությունյանի հետ կապի մեջ գտնվող, դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց: Միաժամանակ մատնանշվել են կոնկրետ այն գործողությունները, որոնց կատարումն, ըստ դատախազության, անհրաժեշտ է լրագրողի կողմից առաջ քաշված վարկածը լիարժեք ստուգելու եւ ընդհանրապես անջատված մասով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու համար:

No comments: