Saturday, June 27, 2009

BBC-Ն ՂԱՐԱԲԱՂԻ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ

Lragir. 25-6-2009- Այսօր BBC միջազգային հեռուստաալիքը մի նյութ մատուցեց հեռուստադիտողին, որը անգլիական քաղաքականության հայամետության անտարակույս ապացույցը կարող էր լինել, եթե չլիներ զգուշավոր մի վերապահում՝ too good to be true, այսինքն չափազանց լավ է ճշմարիտ լինելու համար: Համաձայն լավ հեռուստանյութի ներկայացման դասական կանոնների, այս ռեպորտաժը ընդգրկում էր հետևյալ կետերը. 1. Հայաստան-Ադրբեջան հակամարտության ներկայացումը ղարաբաղյան հարցի շուրջը: Պատկերային առումով ուղեկցումը չափազանց տպավորիչ էր` խրամատներ, որտեղ մարտավարժություններ են անում 18-19 տարեկան տղաները, ընդ որում թղթակիցը մեկնաբանում էր սույն փաստը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վտանգներով: 2. Աշխարհագրական և էթնիկ հակասությունները նյութը պատկերում էր Շուշի քաղաքի կադրերով: Շեշտը դրվում էր կրոնական խորհրդանիշների վրա, մասնավորապես վերակառուցվող քրիստոնեական եկեղեցու և դատարկ մզկիթի հակադրության վրա: Համատեքստում ընթերցվում էր, որ ղարաբաղցիները քրիստոնյա են և մզկիթներ չեն ավիրում: 3. Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հարցազրույցը նախ պարտադիր կետ էր պաշտոնական կարծիքի հնչեցման համար, ինչպես նաև բարձրաձայնում այն փաստի, որ ղարաբաղցիները հաստատապես ագրեսոր չեն և նրանց ձեռնարկած բոլոր գործողություններն ինքնապաշտպանական են (ի դեպ, հայերեն հնչած հարցազրույցի առաջին նախադասություններն այնքան ինֆորմատիվ չէին, որքան անգլերեն թարգմանությունը): 4. Այս եզրափակիչ հատվածը նվիրված էր էմոցիոնալ տեխնոլոգիային: Ղարաբաղյան մարտերում հորը կորցրած Լուսինեն հոր գերեզմանաքարի մոտ խոսում էր այն մասին, որ այդքան զոհերից հետո ղարաբաղցիները չեն պատրաստվում մի թիզ անգամ հող հանձնել իրենց մայրենի հողից: 5. Այս հատվածը մեկնաբանողը եզրափակեց այսպես. “ղարաբաղցիները համարում են այս հողը իրենցը և մտահոգ են Ադրբեջանի վերազինմամբ, թեպետ չեն պատրաստվում ընկրկել պատերազմի վտանգի առջև: Փոքր Ղարաբաղը դեռ սպասում է իր հարցի լուծմանը”:Չի կարելի կարծել, որ BBC-ն այս ամենը անում է հայկական լոբբիի ազդեցության տակ, Անգլիայում հայկական լոբբին այնքան էլ ազդեցիկ չէ: Կարելի է հուսալ, որ սա շրջադարձ է արևմտյան քաղաքականության մեջ, եթե միայն այն չի օգտագործվում Ադրբեջանից ինչ-ինչ զիջումներ կորզելու համար: Ինչևէ, BBC-ն ղարաբաղյան խրամատներում հաճելի նորություն է, միայն թե դրանից հետո հանկարծ խրամատներում կրակոցներ չլինեն:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: