Wednesday, June 24, 2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«ԱԶԳ», 24-06-2009- Ըստ հունիսի 21-ին շվեյցարական գերմանագիր էլեկտրոնային լրատուների տարածած տեղեկատվության, Թուրքիայի դեսպանը բողոքի նամակ է հղել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Չիարա Սիմոնեշի-Կորտեսիինՙ քննադատելով ՙ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահանդեսին նրա արտասանած ճառը: Շվեյցարիայի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող տիկինը «Նոյե ցյուրխեր ցայթունգին» պարզաբանել է, թե ընդառաջելով Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության հրավերինՙ ապրիլի 24-ին Ժնեւում կրկնել է այն, ինչ 2003-ից ի վեր իր երկրի պաշտոնական վերաբերմունքն է: Ժամանակին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը մեզ փոխանցել էր, թե շվեյցարահայ համայնքը շատ էր տպավորվել Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու բակում, Մեծ եղեռնի հուշարձանի, Ժան Կլոդ Վոդրոյի հուշաքարի առջեւ տիկին Չիարա Սիմոնեշի-Կորտեսիի արտասանած ելույթից: Ազգային խորհուրդը Շվեյցարիայի խորհրդարանի 200 անդամ ունեցող վերին պալատն է: Չիարա Սիմոնեշի-Կորտեսին 2008-ից Ազգային խորհրդի նախագահն է: Նա քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության անդամ է: Ըստ տեղական վիճակագրության, Շվեյցարիայում բնակվում են Թուրքիայի 80 000 եւ շուրջ 6000 հայկական ծագմամբ քաղաքացիներ: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: