Ասում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը
- Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էլի հնչեցին հայտարարություններ, թե ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կա որոշակի առաջընթաց: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասաց. «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, որոշակի առաջընթաց կա»: Սա միջնորդների լավատեսության հերթական արտահայտությունների՞ց է, թե՞ այս անգամ սա որոշակի հիմքեր ունեցող պնդում է:
- Տարիների ընթացքում մենք անընդհատ լսում ենք «բաց պատուհանների» կամ «ոսկե հնարավորությունների» մասին: Այն հանգամանքը, որ չկա իրական առաջընթաց, ունի իր պատճառը. դա Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Ադրբեջանի իշխանությունները մեկ սպառնում են ռազմական ուժով, մյուս կողմից ստորագրում են ռազմական ուժ չկիրառելու հռչակագիր, մի կողմից ժխտում են «մադրիդյան փաստաթղթի» գոյությունն իսկ, մյուս կողմից՝ հայտարարում, որ Ադրբեջանն ընդունել է «մադրիդյան փաստաթուղթը», մի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների սեղան են նստում, մյուս կողմից՝ զբաղված են հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու եւ միջնորդներին փնովելու գործով: Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը հոգնեցնում է միջազգային հանրությանը, եւ միջնորդների ազդեցությամբ նա ստիպված է նահանջել իր դիրքերից: Դրա վկայություններն են Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը, Մադրիդյան փաստաթղթի ընդունումը եւ Սանկտ Պետերբուրգի վերջին բանակցությունների վերաբերյալ դրական երանգներ պարունակող արձագանքները:
- Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից դատելով՝ ԼՂ հարցի նկատմամբ դիրքորոշումներում կարծես շարունակում են չլինել շփման ընդհանուր եզրեր: Երկու կողմն էլ շեշտադրումներ են անում միջազգային տարբեր սկզբունքների վրա: Այս առումով էլ՝ որքանո՞վ է հիմնավոր պնդումը, թե իրոք կա առաջընթաց:
- Այն մոտեցումը, որն ունի Ադրբեջանը եւ փորձում է հրամցնել միջազգային հանրությանը ու պատրանք է տածում դարձնել հիմք բանակցությունների համար՝ ոչ այլ ինչ է, քան իրականության կոպիտ աղավաղում: Ե՛վ ինքնորոշված ժողովրդի դեմ էթնիկական զտումներ իրականացնելու, ե՛ւ կայացած ԼՂՀ-ի դեմ լայնածավալ ագրեսիա ծավալելու, ե՛ւ դրա հետեւանքով փախստականների, մարդկային ու նյութական բոլոր կորուստների պատասխանատուն Ադրբեջանն է: Հիմա նա փորձում է այդ պատասխանատվությունը բարդել հայկական կողմերի վրա՝ ներկայացնելով խնդիրը որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այստեղից էլ բխում է իրենց մոտեցումը բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը որպես բանակցային սեղանի լիիրավ կողմ մերժելը եւ անվերջ պնդումները 20% տարածքների ու մեկ միլիոն փախստականների մասին: Եթե կարճ գնահատենք՝ Ադրբեջանը դեռեւս օգտագործում է բանակցային գործընթացը որպես շղարշ սեփական այդ տեսակետը հրամցնելու համար, ինչը բնական է, չի կարող նպաստել հարցի կարգավորմանը:
Այո՛, Ադրբեջանի շեշտադրումը տարածքային ամբողջականությունն է: Սակայն ինքնորոշման դեպքում տարածքային ամբողջականությունը չի նշանակում սահմանների անփոփոխելիություն: Այդպես են ձեւավորվել աշխարհի բազմաթիվ պետություններ: Հեռավոր օրինակներ չփնտրելու համար հիշատակենք, որ Ադրբեջանը ձեւավորվեց անկախության հանրաքվեի հիման վրա (որն, ի դեպ, հաջորդեց Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեին) ու ԽՍՀՄ սահմանների փոփոխությամբ: Նույնապես նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում Խորհրդային Միության փլուզմամբ ձեւավորվեցին երկու իրավահավասար պետություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն:
- Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է Ադրբեջանի այս դիրքորոշումն ըմբռնումով ընդունվում միջազգային հանրության կողմից, եթե հաշվի առնենք, որ միջազգային կառույցների որոշ պաշտոնյաներ նաեւ վերջին շրջանում առավել շեշտադրում են միայն տարածքային ամբողջականության սկզբունքը:
- Հարցի կարգավորման հետ առնչություն ունեցող պետությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները վերջին շրջանում շեշտում են բոլոր երեք միջազգային սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը, այն է՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն ու հարցի խաղաղ կարգավորում: Ադրբեջանի ակտիվությունն ինչ-որ ժամանակահատված որոշակի պտուղներ տվեց այն կառույցներում, որտեղ չգիտեն խնդրի ողջ նախապատմությունը: Մյուս կողմից՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին արդեն այդպիսի բանաձեւեր գրեթե ոչ մի տեղ չի հաջողվել անցկացնել՝ բացառությամբ Իսլամական կոնֆերանս կազմակերպության: Այստեղ Ադրբեջանն օգտագործում է կրոնական զգացումները՝ ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ ապագան ոչ թե քաղաքակրթությունների բախումն է, այլ երկխոսությունը:
Երբ մոտեցումները հիմնված են կեղծիքի վրա՝ դա նման է ավազից աշտարակ կառուցելու փորձերին: Այն անընդհատ կփլվի, ինչը պարտադրում է անվերջ ավազ ավելացնել: Դա է կատարվում Ադրբեջանում՝ անընդհատ բոլոր մակարդակներում եւ ամենուր կրկնում են նույն ապատեղեկատվությունը:
Իմ ասածից ամենեւին չի բխում, թե մենք պետք է լռենք, որովհետեւ կան երկրներ ու կառույցներ, որտեղ ամբողջությամբ չեն պատկերացնում ճշմարտությունը, որը պետք է շատ հստակ ներկայացնենք: Աղավաղելու կարիք չունենք՝ մեր աշտարակն ամուր է եւ ավազ ավելացնելու կարիք չունի, այն պետք է տեսանելի դարձնել բոլորի համար:
- Հայաստանում շատ երկար տարիներ հնչում է հետեւյալ փաստարկը, թե Ադրբեջանը գնալով մեծացնում է իր պետբյուջեն եւ ռազմական ծախսերին հատկացվող միջոցները, ըստ այդմ՝ մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը: Նշվում է, թե այս պայմաններում Հայաստանը պետք է ձգտի խնդրի օր առաջ լուծմանը, քանի դեռ դա զենքի ուժով չի արել Ադրբեջանը: Ի՞նչ կհակադարձեք այս քննադատությանը:
- Նախ՝ ի՞նչ նկատի ունեն լուծում ասելով: Սրա բացատրությունը հաճախ մնում է չակերտավոր: Ադրբեջանի հրապարակայնորեն առաջարկվող լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունն է իր կազմում: Բնական է, դա անհնարին է, եւ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ վերադարձ դեպի հետ գոյություն չունի: Եթե խոսքը միակողմանի զիջումների մասին է, ապա դրանցով կխախտվի հօգուտ Ադրբեջանի առկա հավասարակշռությունը, եւ այդ պայմաններում կավելանա զենքի ուժով հարցը լուծելու նրա գայթակղությունը: Խոսելով ուժային հավասարակշռության մասին՝ պետք է հաշվի առնենք, որ հակամարտության ռազմական փուլի ժամանակ թվաբանական առումով՝ մարդկային ռեսուրս, զինտեխնիկա, Ադրբեջանն էապես գերազանցում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ նաեւ Հայաստանին, բայց այնուամենայնիվ՝ չկարողացավ հասնել իր նպատակին ու էթնիկական զտումներն իրականացնել մինչեւ վերջ: Ավելի՛ն՝ Ղարաբաղին հաջողվեց ամրապնդել իր դիրքերը: Այսօր ձեւավորված հավասարակշռությունն իր մեջ պարունակում է նաեւ ռազմական գործողությունների ավարտից հետո առկա նպաստավոր դիրքերը: Այդ հավասարակշռության մեջ կարեւոր դեր է խաղում նաեւ ժողովրդի ոգին, որը վճռորոշ դեր խաղաց պարտադրված պատերազմի ժամանակ:
- Այդ ոգին արդյոք կա՞ այսօր:
- Այո, կա՛, եւ այն պահպանելու համար պետք է քաջ գիտակցենք հայեցակարգային հարցերում միասնական լինելու անհրաժեշտությունը: Կարող են հնչել տարբեր մոտեցումներ, քննադատություններ, որոնք չպետք է վերաճեն անձնական վիրավորանքների, ինչը բնորոշ է հենց Ադրբեջանին:
- Մեկ այլ քննադատություն էլ վերաբերում է ենթադրվող հանրաքվեին: Նշվում է, թե Հայաստանը պատրաստակամ է զիջել ազատագրված տարածքները՝ անորոշ հանրաքվեի խոստման դիմաց:
- Տարածքներին, որպես նաեւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխիքին անդրադարձել ենք նախորդ հարցի պատասխաններում: Անվտանգության երաշխիքն անորոշ խոստումների դիմաց ոչ ոք չի զիջի: Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ այն կայացել է դեռեւս 1991թ.-ին՝ թե՛ միջազգային իրավունքի նորմերին, թե՛ ԽՍՀՄ օրենսդրությանը համաձայն, եւ ԼՂՀ-ն փաստացի կայացած պետություն է: Նոր հանրաքվեի գաղափարն առաջարկվում է միջնորդների կողմից, որպես փոխզիջումային տարբերակ: Ենթադրվում է, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն հայերը եւ ադրբեջանցիներն այն համամասնությամբ, որն առկա էր ԼՂ-ում 1988թ.-ին, իսկ հանրաքվեի արդյունքը պետք է պարտադիր լինի բոլոր կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Նոր հանրաքվեի մասին իմաստալից է խոսել այն պահից, երբ Ադրբեջանը դադարի բանակցություններն օգտագործել որպես քող իր իրականությունից կտրված մոտեցումները պարտադրելու համար, ինչը ենթադրում է ԼՂՀ-ն ընդունել որպես բանակցային լիիրավ կողմ: Անհնարին է հասնել հարցի կարգավորման՝ շրջանցելով ԼՂՀ կարգավիճակը:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«Առավոտ» 18-6-2009-
Friday, June 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment