Wednesday, June 17, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է, ԹԵ ՀԵՌԱՏԵՍՈՒՄ

Lragir 16-6-2009- Ինչպես հայտնի է, չնայած Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին եւ ընտրության արդյունքի վիճարկման գործընթացին, որն արդեն զոհերի պատճառ է դառնում, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց Մահմուդ Ահմադինեժադին: Այս ֆոնին, բավական հետաքրքրական է այն, որ Իրանի նախագահի ընտրության հանդեպ բավական սպասողական դիրքորոշում ունի ոչ միայն Արեւմուտքը, այլ նաեւ Ռուսաստանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը չի շնորհավորել Ահմադինեժադին: Բայց դրանից բացի, Մեդվեդեւը նաեւ հրաժարվել է նրա հետ հանդիպել Եկատերինբուրգում, ուր տեղի է ունեցել Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովը: Իրանը դրան մասնակցում է դիտորդի կարգավիճակով, իսկ Մահմուդ Ահմադինեժադը Եկատերինբուրգ ժամանեց բավական ուշացումով, ընդ որում բավական անակնկալ, որովհետեւ հայտարարվել էր, որ նա ներքին լարվածության պատճառով հետաձգել է իր այցը Եկատերինբուրգ: ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպում, սակայն, չի կայացել: Սա թերեւս նշանակում է, որ Ռուսաստանը չի շտապում կոնկրետ դիրքորոշում արտահայտել իրանական իրավիճակի կապակցությամբ: ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ խորհրդանշական է, երբ Իրանի նորընտիր նախագահն առաջին այցը կատարում է Ռուսաստան: Բայց նույն այդ ներկայացուցիչը միաժամանակ ասել էր, թե Իրանի նախագահի ընտրությունը Իրանի ժողովրդի ներքին գործն է: Բայց ինքնին փաստը, որ Իրանի նախագահը ընտրությունից հետո այցելում է Ռուսաստան, իսկ Մեդվեդեւը 5 րոպե ժամանակ չի ունենում խոսել նրա հետ, վկայում է, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանն իրանական իրադարձությունների կապակցությամբ: Այդ առումով, Հայաստանի շնորհավորանքը դառնում է բավական հետաքրքրական եւ հիշեցնում է Վիկտոր Յանուկովիչին ուղղած շնորհավորանքը, որ եղավ 2004 թվականին, երբ Ուկրաինան նախագահ էր ընտրում, եւ պաշտոնական տվյալով հաղթել էր Յանուկովիչը, թեեւ ուկրաինացիները բողոքարկում էին ընտրության արդյունքը: Արդյունքը եղավ այն, որ Յանուկովիչն այդպես էլ նախագահ չդարձավ: Տարբերությունը թերեւս այն է, որ Հայաստանի հետ միաժամանակ այն անգամ Յանուկովիչին շնորհավորել էր նաեւ ՌԴ նախագահը: Թերեւս եթե ՌԴ-ն չշնորհավորեր, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր անի այդ բանը: Բայց Սերժ Սարգսյանը փաստորեն շնորհավորում է առանց ՌԴ-ի: Ժամանակը ցույց կտա` սխալ է դա, թե հեռատեսություն:

No comments: