«ԱԶԳ, 17-06-2009- «Հյուրիեթի» հրապարակման առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Ազգը» երեկ հեռախոսազրույց ունեցավ Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Քոչունյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա. «Հրապարակումը մեզ համար անակնկալ էր, թեկուզ ոչ 100 տոկոսով, այնուամենայնիվ դիմեցինք պատրիարքարան, որտեղից էլ մեզ ասացին, որ դեռեւս որեւէ պաշտոնական դիմում կառավարությանը չի ներկայացվել, թեեւ այդ մասին մեր թերթն էլ հրապարակել էր: Անկախ դիմումի բացակայությունից, հարցը ոչ պաշտոնական խոսակցություններում շրջանառվում էր, որպեսզի նախապայման ստեղծվի համապատասխան դիմումի համար»: Իսկ մեր հարցին, թե արդյոք տեղապա՞հ է ընտրվելու պատրիարքի փոխարեն, պրն Քոչունյանն ասաց. «Քանի դեռ կենդանի է Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը, տեղապահի հարց լինել չի կարող, ուստի պատրիարքական ընտրությունները նշանակելու դեպքում «աթոռակից» պատրիարք է ընտրվելու: Քանի որ կա փոխանորդ, ուստի իրենք չեն ուզում նոր պատրիարք ընտրվի»:
«Ինչպիսի՞ն է համայնքի կարծիքը» հարցին պատասխանելիս պրն Քոչունյանը պարզաբանեց. «Երկար խոսակցություններից հետո համայնքը քիչ թե շատ հաշտվեց «աթոռակցի» ընտրության գաղափարի հետ: Ի դեպ, այս երեւույթն առաջին դեպքն է լինելու, եթե պատրիարքական ընտրություններում «աթոռակից» ընտրվի: Ես չէի ասի, որ 100 տոկոսով համամիտ եմ, բայց առարկայական պատկերն այդպես է»: Իսկ իմ հարցին, թե եկեղեցին քիչ թե շատ համաձա՞յն է աթոռակցի ընտրությանը, խմբագրապետն ասաց. «Կարծես թե այդպես է»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment