«ԱԶԳ, 17-06-2009- Այդ մասին երեկվա համարում նշել է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Ինչպես հայտնի է, Կ. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը վատառողջության պատճառով ի զորու չէ կատարել զբաղեցրած պաշտոնից բխող պարտականությունները: Ելնելով այս հանգամանքից, պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, «Հյուրիեթի» վկայությամբ, դիմել է վարչապետ Էրդողանի կառավարությանը եւ պահանջել վերանայել պատրիարքի ընտրության կարգը:
Ըստ «Հյուրիեթի», դիմումում հոգեւոր խորհուրդը կառավարության ուշադրությունն է հրավիրել Մութաֆյան պատրիարքի առողջական վիճակի վրա, խնդրել է, որ Պոլսո հայոց 85-րդ պատրիարքն առաջիկայում ընտրվի «աթոռակցի» կարգավիճակով, որպեսզի իրավահավասարության հիմունքներով պահպանվեն Մեսրոպ Բ-ի լիազորությունները: Կառավարությունը հավանություն է տվել պատրիարքարանի հոգեւոր խորհրդի դիմումին եւ որոշել է վերանայել «Պատրիարքի ընտրության կանոնակարգը», որը դեռեւս նախարարների խորհրդի որոշումով Թուրքիայում ուժի մեջ էր մտել 1961-ից: Նոր պատրիարքի ընտրության մասին հաջորդ դիմումը կառավարությանը կներկայացվի առաջիկա ամիսներին:
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment