Saturday, June 27, 2009

Վրաստանի նախագահը շրջանցել է Ջավախքի իրական խնդիրները

Tert.am. 25-6-2009- Մենք Վրաստանը չենք բաժանում էթնիկ վրացիների, էթնիկ հայերի, օսերի, ադրբեջանցիների: Այսօր այս մասին Երևանի պետական համալսարանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով` էթնիկ խմբերից որևէ մեկը որևիցե առավելություն չունի: Խոսելով Ջավախքի մասին՝ Վրաստանի նախագահը նշել է. «Ոչ մի տարածաշրջան վերջին տարվա ընթացքում այնքան ներդրումներ չի ստացել, որքան Ջավախքը»: Նախագահի խոսքերով` Ջավախքը հանդիսանում է «լիարժեք գազաֆիկացվող» շրջան: Նա հաղորդել է, որ այս տարաշրջանում կառուցվում է խոշոր երկաթգծային նախագիծ, որը Վրաստանի միջոցով կապելու է Հյուսիսային Չինաստանը Եվրոպայի հետ: «Շատ մարդիկ վերադառնում են այնտեղ և մենք ողջունում ենք նրանց վերադարձը»,- ընդգծել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքերով` սկսվում է «խոշոր» էլեկտրակայանի շինարարություն, որտեղ կզգացվի մի քանի հազար հավելյալ բանվորների կարիք: «Դա նշանակում է, որ այդ մարդկանց փորձը պահանջարկ կունենա, և նրանք իրենց հասարակության լիիրավ անդամներ կզգան»,- ասել է Սահակաշվիլին: Նշենք, որ ինչպես Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի Հայաստան կատարած այցի ընթացքում, այնպես էլ Միխայիլ Սահակաշվիլիի այցի ժամանակ Ջավախքի թեման մակերեսորեն է շոշափվել: Վրացի երկու պաշտոնյաներն էլ, Ջավախքը հիշատակելիս, սահմանափակվել են հասարակական խնդիրների մասին խոսելով, որոնք թե´ Վաշաձեի, թե ´ Սահակաշվիլիի կարծիքով` Վրաստանում ամենուր առկա են: Իրական խնդիրների մասին չի խոսվել։ Սահակաշվիլիի այցի ընթացքում նրան այդպես էլ Ջավախքի իրական խնդիրների վերաբերյալ սուր հարցեր չեն տրվել: Երեկ նախագահականում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի նախագահին հայկական կողմից տրվել է միայն մեկ հարց, իսկ այսօր ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ընթացքում լրագրողները չեն կարողացել հարցեր ուղղել նախագահներին:Ինչ վերաբերվում է մի քանի հասարակական կազմակերպությունների` Միխայիլ Սահակաշվիլիի դեմ բողոքի ցույցերի միջոցով Ջավախքի հարցը բարձրացնելու ցանկությանը, ապա նրանց գործողությունները կասեցվել են ոստիկանները, ովքեր առավոտյան «Արմենիա Մարիոթ»-ի, իսկ կեսօրին ԵՊՀ-ի մոտ կոպիտ կերպով ցրել են ցուցարարներին: Փաստորեն, Հայաստանի իշխանություններն այս հարցը նույնպես համարել են «անհարմար»:

No comments: