Wednesday, June 24, 2009

ՄԻԱՀՅՈՒՍՎՈՒՄ ԵՆ ԿՐՈՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 24-06-2009- Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն թերեւս այն միակ երեւացող դեմքն է, որի հասցեին ռուսական լրատվամիջոցները անտակտ արտահայտություններ թույլ չեն տալիս (պարզ է, չենք էլ համեմատում Միխեյիլ Սաակաշվիլու հետ): Ըստ երեւույթին ռուսները հաշվի են առնում նաեւ, որ Վրաստանում պատրիարքի նկատմամբ ամենայն հարգանքով են տրամադրված ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը: Թեեւ, հասկանալի է, վերջին երկուսի համար իրենց քաղաքական շահերը վեր են ամեն մի հավատքից կամ բարոյականությունից: Անշուշտ, ամեն մի ազգի հոգեւոր առաջնորդը ինքնին նաեւ քաղաքական գործիչ է: Ահա եւ այստեղ ուշադրության արժանացավ Իլյա Բ-ի նամակը, որով նա օրերս դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Վրաստանում տեղ գտած կոնֆլիկտները պատրիարքը համարում է մեծ տերությունների փոխադարձ քաղաքական դիմակայության հետեւանք, որից տուժում են փոքր ազգերը: Նրա կարծիքով, Աբխազիան եւ «Ցխինվալի շրջանը» կազմում են Վրաստանի անքակտելի մասը եւ Կովկասի խաղաղությունը կախված է հակամարտության վերացումից` Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումից: «Ազգային փոքրամասնություններ ապրում են բոլոր երկրներում, գրում է վրաց պատրիարքը, եւ եթե միջազգային մակարդակով տեղի ունենա նրանց անջատողական պահանջների օրինականացում, աշխարհում կբռնկվեն անվերջ հակասություններ ու պատերազմներ, ինչը կհանգեցնի անկանխագուշակելի հետեւանքների»: Հիշյալ ուղերձին առնչված մեկնաբանություններում ուշադրություն է գրավում մի հանգամանք: Եթե Իլյա Բ-ի հեղինակությունն իրոք բարձր է Վրաստանում, ապա նվազ ազդեցիկ չէ իր երկրում Ռուսիո պատրիարք Կիրիլը (ազգայնական որոշ շրջանակներ նրան տեսնում են նույնիսկ աշխարհիկ իշխանության բարձրագույն գահին): Եվ պարադոքսն այն է, որ երկու հոգեւոր առաջնորդները տվյալ հարցում ոչ մի անգամ հանդես չեն եկել որեւէ համատեղ հայտարարությամբ: Կատարյալ լռության մատնվեց նաեւ Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախության ճանաչումը, ինչը չէր կարող չվրդովեցնել վրաց եկեղեցուն: Ասել է թե խոսք անգամ չի կարող լինել երկու ուղղափառ եկեղեցիների համերաշխության մասին, եթե նույնիսկ նրանք համերաշխ էին, օրինակ, Սերբիայի տարածքային ամբողջականության խնդրում: «Իր ուղերձում Իլյա Բ-ն ավելի շուտ հանդես է գալիս ոչ թե որպես խաղաղարար անձ, այլ որպես Վրաստանի ազգային շահերի պաշտպան, նշում է ռուսական թերթերից մեկը: Հենց նա եւ ոչ թե աջակցությունը կորցնող Սաակաշվիլին է դառնում բոլոր վրացիների կամքի արտահայտիչը»: Արդ, գուցե հենց վրաց եկեղեցու եւ ի դեմս նրա պատրիարքի հետ արժե վարել բանակցություններ: Նման մոտեցման հետեւորդները, իհարկե, իրենք էլ են հասկանում, որ միտքն անվերապահ չի կարելի համարել: Սակայն ակներեւ է, որ պատշաճ բարձրության վրա է դրվում եկեղեցու եւ նրա առաջնորդի դերը որպես հաշտարար ուժի: Երեւի վրացիներն էլ են համոզված, որ ո՛չ աբխազները, ո՛չ էլ օսերը երբեք չեն համաձայնի վերանդամագրվել Վրաստանին, առավել եւս` հայտնվել վրաց եկեղեցու հովանու ներքո: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ երկու նորանկախ երկրների ղեկավարները բազմիցս են հայտարարել վրացիների կողմից պատմությունը նենգափոխելու մասին: Իլյա Բ-ին եւս նրանք դիտում են որպես օտար պատրիարքի: «Ազատագրվածների» համար կրոնական խնդիրը մեկն է` եթե չհաջողվի մտնել Մոսկվայի պատրիարքության հովանու տակ, ապա գոնե ունենալ նրա կողմից ճանաչված ինքնավարությունը: ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: