Wednesday, June 24, 2009

2010թ. հոկտեմբերին նախատեսվում է ավարտել Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունը

«ՀԵՏՔ» 23-6-2009- ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի քննարկմանն էր ներկայացված քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանը վերաբերող նախագծերի մի ամբողջ փաթեթ` ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրության, անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման, օդանավակայանում անցագրային եւ ներօբյեկտային վերահսկողության, հրդեհային անվտանգության ապահովման եւ այլ հարցերի մասին: Ինչպես փաթեթը ներկայացնելիս նշեց ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար Սուրեն Թամրազյանը` Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն ավարտման փուլում են: «Հետքի» հետ ճեպազրույցում փոխնախարարը տեղեկացրեց, որ օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2010 թվականի հոկտեմբերին: «Առաջին փուլում օգտվելու ենք փոքր ավիացիայի հնարավորություններից` Ստեփանակերտ-Երեւան չվերթով»,-նշել է Ս.Թամրազյանը: Մեր տվյալներով, օդանավակայանի շինարարությունը սկսվելու է մոտակա 10 օրվա ընթացքում: Ինչպես օրերս «BRIDGE ARTSAKH» համաժողովի ժամանակ նշվեց, սկզբնական շրջանում նախատեսում են օգտագործել փոքր ինքնաթիռներ` 14-16 տեղանոց, գներն էլ են մատչելի լինելու:

No comments: