Saturday, June 27, 2009

ՀԱԿ. «Քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր»

«Ազատություն» 26-6-2009- Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում, անդրադառնալով հայտարարված համաներմանը՝ պնդում է, որ «քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը [իշխանություններին] պարտադրված քայլ էր»: «Բացարձակապես անմեղ մարդանց տարիուկես զնդանելը վարչախմբի հանցագործությունն է, ինչի համար շուտ թե ուշ պատասխան են տալու մեղավորները։ 51 քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր, արդյունք՝ Հայ Ազգային Կոնգրեսի հետեւողական ու գրագետ քաղաքական աշխատանքի, ամենալայն զանգվածների համառ ու անտեղիտալի պայքարի։ Դա Հայ Ազգային Կոնգրեսի ամենաառարկայական հաղթանակն է, ինչի առթիվ շնորհավորում ենք համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին», - ասված է հայտարարությունում:Նշելով, որ հայտարարված համաներումը վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, եւ պնդելով, որ «քաղբանտարկյալների մեծ մասի ազատության մեջ հայտնվելը հնարավոր դարձավ» ՀԱԿ-ի ձեռնարկած գործողությունների շնորհիվ»՝ հայտարարության հեղինակները շարունակում են. - «Մայիսի 31-ին Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններին վճռական մասնակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը բազմապատկեց իր հաղթաթղթերը եւ քաղաքական գործոնի իր կշիռը։ Այդ հաղթաթղթերի շնորհիվ ԵԽ կառույցները քաղբանտարկյալներին ազատ արձակելու անընդհատ ձգձգվող խնդրում կանգնեցին վարչախմբի վրա առավել մեծ ու իրական ճնշուներ գործադրելու անշրջանցելի անհրաժեշտության առջեւ, ինչի արդյունքը եղավ նրանց մեծ մասի ազատ արձակումը»։«Գողական ու խուժանական բնազդներով առաջնորդվող վարչախումբը չկարողացավ օգտագործել իր վերջին շանսը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու հետապնդումները դադարեցնելու միջոցով ներքաղաքական երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար. նա ազատ արձակեց այնքան քաղբանտարկյալ, որքան անհրաժեշտ էր միայն ԵԽ պատժամիջոցից խույս տալու համար», - ասված է հայտարարությունում։ - «Դրանով նա ապացուցեց, որ չնայած կրած պարտությանը, չի հրաժարվում սեփական ժողովրդին որպես թշնամի ընկալելու ու նրա դեմ անհեռանկար պատերազմը շարունակելու արկածախնդիր գաղափարից»։ «Ուստիեւ Հայ Ազգային Կոնգրեսը կրկնապատկված եռանդով եւ ուժով շարունակելու է պայքարը բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու համար։ Միաժամանակ Կոնգրեսը նաեւ վճռականորեն մնալու է այս պայմաններում միակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն հաստատելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու իր քաղաքական պլատֆորմի վրա», - ասված է ՀԱԿ-ի՝ ուրբաթ օրը տարածած հայտարարությունում։

No comments: