Saturday, June 27, 2009

Երեւանին դեռ պետք չէ սրել հայ-վրացական հարաբերությունները Ջավախքի խնդրով

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Ներկա դրությամբ, երբ տարածաշրջանում բարդ գործընթացներ են տեղի ունենում, սրել հայ-վրացական հարաբերութունները` կտրուկ դնելով Սամցխե-Ջավախքի հայերի խնդիրները, ուղղակի վտանգավոր է: Այդ մասին հունիսի 25-ին Երեւանում մամլո աուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ժամանել է Հայաստան, որպեսզի լուծի իր համար կարեւոր առաջադրանքները: Հայկական կողմն առաջադրել է իր հարցերը վրացական կողմին` հաղորդակցական խնդիրներ, մասնավորապես «Վերին Լարս» ՀԱԿ-ի խնդիրը, հայկական բեռնափոխադրումների սակագներ»,- ընդգծել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, այսօր Վրաստանը հանդես է գալիս «Կովկասյան տան» գաղափարով եւ ցանկանում է տարածաշրջանն անկախ տեսնել երրորդ ուժերի միջնորդությունից: «Թե ինչ կտա մեզ Սահակաշվիլու այցը, դեռ բարդ է ասել: Բայց պարզ է մի բան, հայ-վրացական հարաբերություններում գոյություն ունի Սամցխե-Ջավախքի հայերի խնդիրը: Սա հարց է, որը պետք է լուծվի երկխոսության, բանակցությունների եւ փոխըմբռնման ճանապարհով»,- նշել է Ստեփան Գրիգորյանը, ավելացնելով, որ այդ խնդրի կարգավորումը ելնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից: Փորձագետի կարծիքով, 2008-ի օգոստոսյան պատերազմի պատճառով Վրաստանի քաղաքական վերնախավն այժմ գտնվում է բարդ հոգեբանական դրության մեջ եւ տվյալ պահին պետք չէ սրել իրավիճակը կոշտ հայտարարություններով: Խոսելով «Վերին Լարս» ՀԱԿ-ի մասին` Ստեփան Գրիգորյանը նշել է, որ քիչ հավանական է, որ այն կբացվի մոտ ժամանակները: «Դժվար է պատկերացնել, որ Մոսկվան եւ Թբիլիսին կարող են համաձայնության գալ մոտ ժամանակները ՀԱԿ-ը բացելու շուրջ»,- ասել է Գրիգորյանը:

No comments: