Wednesday, June 24, 2009

«Իրանի ներքաղաքական իրավիճակը չի անդրադարձել բեռնափոխադրումների ծավալների վրա»

«Ազատություն» 24-6-2009 - Մաքսային պաշտոնյայի խոսքով, նախագահական ընտրություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը չի անդրադարձել այդ երկրի տարածվով դեպի Հայաստան «բեռնաշրջանառության, ապրանքափոխադրումների ծավալների վրա»: «Ամսի սկզբից մինչեւ հունիսի 10-11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել է 546 բեռնատար մեքենա [ապրանք]: Հունիսի 11-ից մինչեւ հունիսի 22-ը ներառյալ, հանրապետություն ներմուծվել է 708 մեքենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանը:Նա հստակեցրեց, որ խոսքը ինչպես ուղղակի, այնպես էլ տարանցիկ փոխադրումների մասին է։ Այսինքն, վիճակագրությունը փաստում է, որ բեռնափոխադրումների քանակը դեպի Հայաստան Իրանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի օրերին նույնիսկ ավելացել է։ Հարցին, թե նկատվե՞լ է արդյոք բեռնափոխադրումների տարանցման փոփոխություն, եւ արդյո՞ք գործարարներն այս օրերին նախընտրում են Վրաստանով փոխադրել իրենց բեռները, Հայրապետյանը արձագանքեց. - «Ելնելով կոնկրետ մեր մոտի իրավիճակից, ես կասեմ, որ մեր մոտ նկատելի չէ այդպիսի միտում: Եվ որեւիցե խուճապ էլ չեմ նկատում գործարարների շրջանում»:Այդուհանդերձ, պաշտոնյան վկայում է, որ նախորդ տարվա համեմատ զգալի տարբերություն կա Իրանից դեպի Հայաստան իրականացվող ապրանքաշրջանառության ծավալների մեջ. - «Կարծում եմ, դա կապված է ընդհանուր համաշխարհային ճգնաժամի հետ: Տարբերությունը զգալի է, բայց սկսած երեւի մայիս ամսվա վերջերից, կարծես թե ավելի շատ դրական ուղղություն է վերցնում»:Ըստ մաքսակետի պետի, 2008 թվականի մայիսին դեպի Հայաստան բեռնափոխադրում է իրականացրել ավելի քան 2500 բեռնատար ավտոմեքենա, իսկ այս տարվա նույն ամսին դրանց թիվը եղել է 1400-ից մի փոքր ավելի։ Հովհաննես Շողիկյան

No comments: