Wednesday, June 24, 2009

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Բացմանը մասնակցել է հանգուցյալի այրին «ԱԶԳ», 24-06-2009- Վերջին ամիսներին Մարսելի 11-12-րդ շրջանների թաղապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի օրակարգ էր մտել քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով կոչելու հարցը: Դա քննարկվել, ապա եւ հաստատվել էր Մարսելի քաղաքապետարանում, որից հետո, ինչպես «Բիրգյուն» կայքէջն է նշում, կատարվել է անվանակոչումը: Մարսելում Դինքի անունով կոչվող փողոցի բացումը հունիսի 12-ին կատարել է հանգուցյալի այրինՙ Ռաքել Դինքը, իսկ անվանակոչման պաշտոնական արարողությանը մասնակցել են Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդեն, Ֆրանսիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Վալերի Բոյենը, քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաեւ քաղաքապետի տեղակալներից Դիդյե Պարագյանն ու 13-14-րդ շրջանի թաղապետ Կարո Հովսեփյանը: Քաղաքապետ Գոդենը ելույթում նշել է, որ Մարսելի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով կոչելու որոշումը միաձայն է ընդունվել քաղաքային խորհրդում, դա քաղաքի բնակչության զգացմունքների արտահայտությունն է: Այնուհետեւ նա շարունակել է. «Թուրքիայում Հրանտ Դինքը մարդու իրավունքների ամենաակնառու պաշտպաններից էր: Մարսելում յուրաքանչյուր քաղաքապետի համար մեծ պատիվ է փողոցը նրա անունով կոչելը: Թուրքիայում աշխուժացող ազգայնամոլությունն ու պետականորեն ծավալվող ամբողջատիրական քարոզչությունը նշանառության թիրախ դարձրեցին Հրանտ Դինքին: Իսկ նրա թուրքահայ լինելն ու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դժվարությունները եւ հոգսերը պետության երեսին համարձակորեն ասելը պատճառ դարձավ, որ նա մղվի ատելության հորձանուտ: Դինքն ուղեցույց է դարձել մեզ համար: Այլեւս մեր սրտերում է ապրում»: Դինքի այրի Ռաքելը ելույթում վերհիշել է Եղիշեի մարգարեական խոսքերը. «Գիտակցված մահն անմահություն է»: Մարսելում, որտեղ 80 հազար հայ է բնակվում, անվանակոչման արարողությանը մասնակցել է շուրջ 250 մարդ: Մինչ այդ Ռաքել Դինքը մասնակցել էր 2007-ին Փարիզի արվարձաններից հայաշատ Արֆորվիլում Հրանտ Դինքի անունով բացված դպրոցի ավարտական հանդեսին եւ անձամբ բաժանել աշակերտների վկայականները: Ի դեպ, նորաբաց այս դպրոց հաճախում են 36 աշակերտներ, որտեղ առայժմ գործում են 1-2-րդ դասարաններն ու նախակրթական բաժինըՙ 2-13 տարեկան աշակերտներով: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: