Thursday, June 25, 2009

ԱՄՆ-ՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» Է ՈՐԱԿԵԼ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ

«Ազգն» իր երեկվա համարում արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպան Մայքլ Օրենը ցեղասպանություն է անվանել հայերի զանգվածային սպանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հոդվածն այդ մասին:
Նախքան դեսպան նշանակվելը Օրենը բազմիցս հաստատել է իր գրություններում Հայոց ցեղասպանության փաստերը: New York Review of Books գրախոսական պարբերականի 2007 թվի մայիսի 10-ի համարում նա չափազանց բարձր գնահատական էր տվել Թաներ Աքչամի «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գրքին: Իր հոդվածը նա վերնագրել էր «Զանգվածային սպանությունը, որ նրանք դեռեւս ժխտում են»: Վերջերս հրատարակած «Իշխանություն, հավատ եւ երեւակայություն» խորագրով իր նոր գրքում Օրենը տասնյակ վկայակոչումներ է անում հայերի եւ Հայաստանի մասին, ներառելով երկար ու սրտաճմլիկ նկարագրություններ Հայոց ցեղասպանությունից առաջ եւ այդ ընթացքում կատարված զանգվածային սպանությունների: Ահա դրանցից ամենահատկանշականները: «Օսմանյան բռնությունների եւ հայկական զայրույթի կուտակումներն ի վերջո պոռթկացին 1894-ի գարնանը, երբ թուրքական զորքերը ձեռնամուխ եղան ճնշելու տեղական մի ապստամբություն, բայց առաջ անցնելով գետնին հավասարեցրին ամբողջ գյուղեր եւ կոտորեցին ամբողջ բնակչությանը: Մոտ 200 հազար հայեր մահացանՙ բնակչության 20 տոկոսը, եւ մեկ միլիոն տներ թալանվեցին: «Նյու Յորք թայմսի» 1895-ի սեպտեմբերյան համարներից մեկը «Հայկական հոլոքոսթ» որակեց կատարվածը, օգտագործելով այն բառը, որը հետագայում հոմանիշ էր դառնալու Genocide (ցեղասպանություն) բառին»: Օրենը այնուհետեւ հաստատում է, որ ավելի քան մեկ դար առաջ հայերի հանդեպ գործադրված բռնություններն ու կոտորածները լրջորեն վնասել էին Թուրքիա-Մ. Նահանգներ հարաբերությունները, ինչպես այսօր են խանգարում ցեղասպանության ճանաչման հարցով առաջացած թունոտ քաղաքական պայքարի հետեւանքով: Այդ մասին նա գրում է. «Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելը այդուհանդերձ բարդ էր, որովհետեւ Մ. Նահանգների եւ Բարձր դռան (սուլթանի) միջեւ կապերը վաղուց էին մաշվել: Տարաձայնության հիմնական աղբյուրը քրիստոնյա հայերի նկատմամբ կիրառված բռնությունն էր: Թեպետ արդիականության շնչով ասպարեզ մտած երիտթուրքերի մի խումբՙ մեծ մասը Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ, իշխանությունն իր ձեռքն էր վերցրել Ստամբուլում 1908 թվին եւ խոստացել հավասար իրավունքներ կայսրության բոլոր քաղաքացիներին, հայերի կոտորածները վերսկսվեցին մի տարի էլ չանցած: Հարավկենտրոնական Անատոլիայում թուրքական զորքերը մորթեցին նրանցից (հայերից) մոտ 30 հազարին»: «Ամենասարսափելի ոճիրը մարդկության պատմության մեջ» խորագիրը կրող բաժնում Օրենը գրում է. «Առաջին զեկույցները, սկսած 1914 թվի դեկտեմբերից, պատմում էին Բիթլիսում (Արեւելյան Թուրքիա) հակաքրիստոնեական սպանդների եւ Էրզրումի փողոցներում հարյուրավոր հայերի կախաղան բարձրացնելու մասին: Քսանից վաթսուն տարեկան հայ տղամարդկանց հավաքագրում էին հարկադիր աշխատանքի գումարտակներում կատարելու ճանապարհաշինական աշխատանքներ եւ պաշարներ մատակարարելու թուրքական բանակին: Հաջորդ ամիս Կովկասում ռուսական բանակից պարտություն կրելուց հետո թուրքական զորքերն իրենց նվաստացումը մի կերպ մեղմելու համար թալանեցին հայկական քաղաքներն ու կոտորեցին դրանց հայ աշխատավորներին: Վաղ գարնանը թուրք զինվորները պաշարեցին հայկական Վան քաղաքըՙ Արեւելյան Անատոլիայում եւ սկսեցին կիրառել զանգվածային անթիվ տեղահանություններից առաջինը: Կոտորածը հետո հասավ արեւմուտքՙ Ստամբուլ, որտեղ ապրիլի 24-ին անվտանգության զորքերը ձերբակալեցին եւ կախեցին մոտ 250 հայ ղեկավար անձնավորությունների, հրդեհեցին հայկական շրջանները: Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հայոց պատրիարքին տեղեկացրեց, որ «Թուրքիայում քրիստոնյաները տեղ չունեն» եւ խորհուրդ տվեց նրան եւ նրա հոտին «հեռանալ երկրից»: Օրենը այնուհետեւ բացահայտում է պատմությունը նենգափոխելու Թուրքիայի փորձերըՙ նշելով. «Ժամանակակից դիտորդներից շատերը, համաձայնելով հանդերձ, որ կոտորածները որոշ առումով կապված էին պատերազմի հետ, այդուհանդերձ գտնում են, որ դրանք համաչափորեն ծրագրված եւ իրականացված ծրագիր էին ոչնչացնելու մի ամբողջ ժողովրդի: Ստվեր գցելով 25 տարի անց հրեաների հանդեպ նացիստների գործած ցեղասպանության վրա, թուրք զինվորներն իրոք հայկական գյուղերից բնակչությանը քշեցին դեպի սառուցյալ գետերը, հրկիզեցին նրանց եկեղեցիներում եւ բռնագաղթել տվեցին դեպի անապատները, որտեղ նրանք ծարավից մահացան... Ամռան վերջին, 800 հազար հայեր սպանվել էին եւ անթիվ-անհամար ուրիշներ բռնի մահմեդական դարձել»: Զանգվածի սպանությունների վերաբերյալ բազմաթիվ ականատեսի վկայություններ մեջբերելուց հետո Օրանը եզրակացնում է. «Ընդհանուր առմամբ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին ցեղասպանության հետեւանքով, որը թուրք կառավարությունը երբեք չի ընդունել կամ թեկուզ զղջացել իրագործած լինելու համար»: Թեեւ Մայքլ Օրենն իր այս գիրքը հրապարակել է մինչ Վաշինգտոնում դեսպան նշանակվելը, հուսանք, որ նրա հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կստիպի նրան ձեռնպահ մնալ իր նախորդների քայլերից, որոնք խայտառակ կերպով ընդդիմանում էին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնող ջատագովի նշանակումը Վաշինգտոնում որպես Իսրայելի նոր դեսպանի տեղի է ունենում այնպիսի ժամանակաշրջանում, երբ լուրջ տարակարծություններ կան Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ այս տարվա սկզբներին Գազայում սանձազերծված պատերազմի հետեւանքով: Այդ առթիվ հակասեմական արտահայտությունների եւ գործողությունների դրսեւորումներ տեղի ունեցան ամբողջ Թուրքիայում, որոնք ուղեկցվեցին նաեւ հակաիսրայելական ակնարկներով Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից: Նրա վիրավորական խոսքերըՙ ուղղված Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին Դավոսում (Շվեյցարիա), թշնամանք առաջացրին աշխարհի հրեաների հանդեպ: Եվ չնայած Իսրայելը փորձեց մեղմել Էրդողանի վիրավորական խոսքերը, դրանք այնուամենայնիվ մնայուն հարված հասցրեցին իսրայելա-թուրքական հարաբերություններին: Իսրայելում Թուրքիայի հանդեպ նվազ կարեկից կառավարության եւ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության փաստի ջատագով նոր դեսպանի զուգակցումը գուցե դյուրացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկախ մնացած բանաձեւի անցկացումը Կոնգրեսով: «ԱԶԳ», 25-06-2009

No comments: