Thursday, June 25, 2009

Թերի Դեւիս. «Մարտի 1»-ի Էջը փակված չէ»

«Ազատություն» 24-6-2009- Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի կարծիքով` Հայաստանում համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ «Մարտի 1»-ի էջը չի փակվել: Երեքշաբթի օրը Դեւիսը հրավիրել էր Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր վերջին ասուլիսը. նրա լիազորությունների ժամկետը ավարտվում է:Ասուլիսի նախաբանում նա իր մտահոգություններն արտահայտեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բռնությունների աճի կապակցությամբ:Նա խոսեց նաեւ Կովկասյան տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում անցած տարի տեղի ունեցած դեպքերի մասին: Ըստ Թերի Դեւիսի` բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին:«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ փակվեց «Մարտի 1»-ի էջը, Թերի Դեվիսը ժխտական պատասխան տվեց. - «Ո՛չ: Դեռ առկախ շատ կարեւոր հարցեր կան այն մասին, թե ինչ կատարվեց մեկ տարի առաջ: Եվ ես դեռ շատ մտահոգված եմ այն իրողությամբ, որ որեւէ մեկը չի ձերբակալվել եւ չի պատժվել մահվան դեպքերի համար: Ասում են, թե մեկ ոստիկան է սպանվել, բայց սպանվել են նաեւ շատ այլ մարդիկ, ովքեր ոստիկաններ չէին եւ սպանվել են մեկ տարի առաջ: Դա սպանություն է»:Նրա կարծիքով` «ահավոր է, որ ոստիկանությունը Հայաստանում չի կարողացել գտնել նրանց, ովքեր պատասխանատու են այս սպանությունների համար, որպեսզի դատական գործ հարուցեն»:«Ես ասացի` մտահոգված եմ, որ մարդիկ ձերբակալվել են, բայց ավելի մտահոգված եմ, որ մարդիկ են սպանվել», - ընդգծեց Թերի Դեւիսը:

No comments: