
Lragir 8-6-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ հայտարարություն տարածեցին Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետ, ու դրանով փաստացի արդարացրին տեղի ունեցած հանդիպումը: Իսկ դրան առանձնահատուկ շուք հաղորդելու համար էլ հայտարարության մեջ նշեցին, թե նախագահները համաձայնել են նոր եւ “գլխավոր” թեմա բացել բանակցության ընթացքում: Թե որն է այդ թեման, համանախագահները բնականաբար չեն նշում ու չեն նշի, թերեւս այն պարզ պատճառով, որ այդպիսի թեմա չկա, այլ կա ընդամենը Սարգսյան-Ալիեւ բանակցությանն իմաստ տալու անհրաժեշտություն: Բնական է նաեւ, որ Մինսկի խմբի երկրները թե Սարգսյանին, թե Ալիեւին կտան հրապարակ նետված “թեման” իրենց հասարակություններին, իրենց քարոզչամեքենաների շնորհիվ, որպես բանակցության ընթացքում սեփական ձեռքբերում ներկայացնելու ստեղծագործական ազատություն: Թե ինչպես կտնօրինեն Սարգսյանն ու Ալիեւն այդ ազատությունը, կարելի է միայն ենթադրել: Օրինակ, Ալիեւը թերեւս իր հասարակությանը կասի, որ նոր թեման վերաբերում է ոչ միայն ազատագրված տարածքները, այլ նաեւ Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու տարբերակին, որպես այսքան տարի տարածքները պահելու տոկոս, բարոյական վնասի փոխհատուցում: Բնական է, որ ադրբեջանական հասարակությունը հիանալու է եւ համոզվելու, որ իրապես ճիշտ արեց Ալիեւին ցմահ նախագահության իրավունք տալով, քանի որ նախագահական ամեն մի նոր ժամկետում Ալիեւը Հայաստանի մի նոր շրջան Ադրբեջանին հանձնելու “թեմա” կբացի Ղարաբաղի հակամարտության բանակցության ընթացքում: Ավելին, դրանից հետո թերեւս ադրբեջանական հասարակությունը միաձայն որոշի, որ Ալիեւը ոչ միայն իրավունք ունի ցմահ լինել նախագահ, այլ իրավունք չունի մտածել նախագահ չլինելու մասին: Սերժ Սարգսյանը Հայաստանի հասարակությանը բնականաբար կներկայացնի, որ նոր բացված “թեման” վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակի հարցին, որն այլեւս քննարկվելու է առանց տարածքները վերադարձնելու պայմանի: Բայց չի հասցնի հայ հասարակությունն ուրախություն ապրել այդ կապակցությամբ եւ մտածել Սերժ Սարգսյանին եթե ոչ ցմահ, ապա գոնե մինչեւ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը նախագահ թողնելու մասին, ինչը նույնն է, թե ցմահ, հանկարծ կպարզվի, որ կարգավիճակի հարցը առանց տարածքի վերադարձի պայմանի է քննարկվում այն պարզ պատճառով, որ կայացվել է անկախ ամեն ինչից տարածքները վերադարձնելու որոշում, եւ այդ որոշումը որեւէ այլ որոշման պայման կամ նախապայման չէ: Համենայն դեպս, սովորաբար, հատկապես վերջին շրջանում, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդպես է լինում` հայկական կողմի գրեթե բոլոր հայտարարությունները մերժում են բոլորը, իսկ ադրբեջանական կողմի հայտարարությունները թերեւս միայն հայկական կողմն է մերժում: “Չգիտեմ, ինչու է այդպես”, կասեր Համո Սահյանը: Բայց պետք չէ իհարկե միանգամից անել հեռուն գնացող հետեւություններ: Ի վերջո, Մինսկի խմբի հայտարարության մեջ այդքան էլ պարզ չէ, թե նոր թեման, որ բխում է մադրիդյան առաջարկներից, արդյոք հենց Ղարաբաղի խնդրին է վերաբերում: Ի վերջո, այդ թեման կարող է լինել բոլորովին այլ խնդրի վերաբերյալ: Խնդիր չէ, որ այն բխում է մադրիդյան առաջարկներից: Միգուցե մադրիդյան առաջարկների հեղինակներն այնքան հեռատես են գտնվել, որ դրանց մեջ ներառել են պահեստային մի թեմա, որպեսզի երբ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցությունը մտնի փակուղի, նախագահների հանդիպմանը գոնե խոսելու մի ինչ որ բան լինի, մինչեւ համանախագահները տեսնեն, թե Ղարաբաղի հարցով ինչ են անում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment