Tuesday, June 23, 2009

ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐ

«ԱԶԳ», 23-06-2009- Հայաստանի հարավային հարեւան Իրանում եռացող կրքերը թեեւ անտարբեր չեն թողնում մեզ եւ անգամ անհանգիստ մի խլիրտ են առաջացնում մեր ներսում` մեզ ապահով չենք զգում, երբ մեր հարեւանի տանն անհանգիստ է, սակայն, միեւնույն է, մենք մեր առօրյա քաղաքական վարուցանքին ենք` երբեմն 100 տոկոսով կանխատեսելի եւ անգամ` ձանձրույթի աստիճան անհետաքրքրական: Մեզ մոտ հետհամաներումային գործընթացներ են: Համաներումն, ի վերջո, կոնկրետ արդյունքներ արձանագրեց` Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մի մասը երեկ ազատ արձակվեցՙ նաեւ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը: Այսինքնՙ անկախ այն բանից` այս մարդիկ ընդունում են իրենց դուրս գալու ձեւը, թե ոչ, բոլոր դեպքերում նրանց ընտանիքները երեկ սեփական հարկի տակ տեսան իրենց հարազատներին, ինչի համար ուրախ ենք: Իսկ այն, որ նրանցից յուրաքանչյուրը, դուրս գալով, առաջին բանը, որ արել է` պնդել է, թե անօրինական դատավճիռ է, իրենք պայքարելու են արդարացման համար, դա էլ իրենց իրավունքն է, եւ անգամ խրախուսելի է, եթե գիտեն, որ իրենք, իսկապես, արդար են: Սասուն Միքայելյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելը, սակայն, հղի է լարվածության նոր չափաբաժնով, որն ընդդիմադիրների համար մշտական թեմաներից մեկն է լինելու, այնպես որ անձամբ ես, օրինակ, կուզեի Միքայելյանին նույնպես համաներված տեսնել: Իսկ ընդհանրապես, անգամ համաներման ակտը թքոտողների 100 տոկոսանոց անկեղծությանը թույլ տվեք չհամաձայնել, որովհետեւ համաներված թե մի ուրիշ կերպ, այդքան ժամանակ ազատազրկված լինելուց հետո ընկերներին եւ ընտանիքին միանալը արժե դրան: Մյուս կողմից էլ ճիշտ են նրանք, ովքեր ասում են, թե իշխանությունը վայրկյանը վայրկյանին հաշվել էր համաներման ողջ գործընթացն ու համընկեցրել երեկ սկսված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակին: Եթե այդպես է, ուրեմն բարձր մակարդակի հաշվողների պակաս չկա իշխանության մեջ, դրա մեջ վատ բան չկա, եթե կարողանում է գործընթացներից հետ չընկնել, ինչը խոսում է գոնե այս պահին անելիքն իմացող եւ իրադարձությունները կառավարող ուժի մասին: Այսինքն` էն, որ ընդդիմությունը, Տեր-Պետրոսյանի շուրթերով հերթական քննադատության դոզան ուղղելով արեւմտյան քեռիներին, այնուամենայնիվ հույս ուներ, թե համաներումը հուլիսի 5-ից շուտ չի լինի, եւ իրենք կհասցնեն մի լավ թեժացնել քաղբանտարկյալների թեման այստեղ, ԵԽԽՎ-ում եւ ամենուր, չիրականացավ, որովհետեւ օրակարգային ընդդիմությունը կամաց-կամաց ապացուցեց, որ քարշ է գալիս իրադարձությունների հետեւից` հեռուստալեզվով ասած` սինքրոնից վաղուց է ընկել, հաշվել չգիտի, եւ ուրիշ այլ բաներ էլ չգիտի, այլեւս ակտուալ էլ չէ: Տեր-Պետրոսյանն այլեւս արեւմտյան ձախողված «պրոյեկտ» է, այս պահին գոնե: Եվ նա բոլորից էլ լավ է հասկանում իրավիճակը ու հազիվ թե սեպտեմբերին նույն կարգավիճակով վերադառնա: Տարբեր գործոնները զուգորդելու հմտություն` չգիտեմ, բայց իրադարձությունները վերլուծելու կարողություն, նա, անշուշտ, ունի, եւ հնարամտության պակասից էլ կարծես չի բողոքում, այնպես որ առավել հավանական է, որ նա սեպտեմբերին իր փոխարեն ընդդիմադիր դաշտ կգործուղի առավել երիտասարդ մեկին, իսկ ինքը կստանձնի ստվերային կառավարողի դերը: Համենայն դեպս` այդ են պահանջում հերթական խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին ընդառաջ երկարատեւ պայքարի ուղի որդեգրելու կանոնները: Մանավանդ որ` ընդդիմադիր դաշտը մինչեւ աշուն վերաձեւելու շարժումներ էլ է արձանագրում, եւ այստեղ գործելու է «Կեր, կամ` քեզ կուտեն» կարգախոսը, ու չենք կարծում, որ այսօրվա արմատական ընդդիմությունը կարողանալու է ինչ-որ բան միայնակ ուտել: Իսկ հունիսի 24-ին սպասվելիք ԵԽԽՎ լիագումար նիստին Հայաստանի հարցի լսումը հազիվ թե պրոբլեմներ առաջացնի, քանի որ արդեն իսկ Երեւանում Պրեսկոտի եւ Կոլոմբիեի պահվածքն էր հուշում` Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերից շատերը եվրոպացիների սրտով են, եւ նրանք չեն ուզենա Հայաստանին զրկել հետագա բնականոն ճանապարհ անցնելու հնարավորությունից: Իսկ թե Հայաստանն առայժմ կմնա՞ մոնիտորինգի տակ` դա արդեն երկրորդական է, խնդիր չի լինելու, գոնե առայժմ, որովհետեւ քանի դեռ ուժեղ ընդդիմություն չի ձեւավորվել, ոչ ոք իշխանությունից հաշիվ չի պահանջելու (եւ դա անգամ վատ է` իշխանությանը թմբիրից հանող չի լինելու-Մ.Խ.), եվրոպացիների անդորրն էլ խանգարող չի լինելու: Անգամ նրանից, որ այս անգամ Հայաստանի պատվիրակության հետ Ստրասբուրգ է մեկնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ցույց է տալիս, որ Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի լինելու, քանի որ նա սովորաբար հայտնվում է այնտեղ, կամ ԱԺ-ում ելույթ է ունենում այն ժամանակ միայն, երբ դրական ելքի սպասումը 95 տոկոսանոց է: ԵԽԽՎ նիստից հետո քաղաքական մեծ թեմաներն ընդդիմության (ես կասեի` նաեւ իշխանության համար) առայժմ սպառված են լինելու, կրքերը մի փոքր թուլանալու են, օրակարգում լինելու են մանրթեմայնությունը, մանր-մունր ինտրիգներն ու փոխկծոցները: Համենայն դեպս հուլիս, օգոստոս ամիսներին, անկախ արձակուրդային տրամադրություններից, մեծ պաուզա է լինելու, բայց միայն երեւութապես: Իշխանությունն իր համար, ընդդիմությունն` իր համար փորձելու են հարթել բոլոր, գոնե տեսանելի ներքին խնդիրները, եւ սեպտեմբերին շատ բան է կախված լինելու այն բանից, թե ի՞նչ դեմքով կներկայանան իշխանությունն ու ընդդիմությունը: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: