Tuesday, June 23, 2009

Երեւանը երկու մարտահրավերների առջեւ է կանգնել` Թուրքիայի եւ Ադրբեջանի

/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Արեւմուտքի հետ Ռուսաստանի էներգետիկ պատերազմի լույսի ներքո Հայաստանն Արեւմուտքի հետ համագործակցելու հնարավորություն ունի: Այդ մասին «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ստամբուլի Բիլջի համալսարանի փորձագետ Թուրգուր Թունջելը : «Իհարկե, ՌԴ արձագանքը շատ կոշտ կլինի, նա հակամիջոցներ է ձեռնարկում ռուսական շահի ուղեծրում Հայաստանին պահելու համար: Սակայն Հայաստանը շատ անհրաժեշտ է Արեւմուտքին, որը փորձում է իր կողմը գրավել վերջինիս, քանի որ 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո Վրաստանի, որպես կայուն գործընկերոջ,առնչությամբ հույսերը շատ թույլ են: Հայաստանը կարող է լրացնել վակուումը, եթե կարողանա օգտագործել եվրաինտեգրման համար բոլոր հնարավորությունները»,- նշել է թուրք փորձագետը: Սակայն, նրա կարծիքով, Երեւանը երկու մարտահրավերների առջեւ է կանգնել` Թուրքիայի եւ Ադրբեջանի: «Արեւմուտքի հետ ամուր հարաբերությունների համար Հայաստանին հարկ է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը», - ասել է նա, ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Թուրքիան զգուշավոր քաղաքականություն է վարում, որը թելադրվում է Ադրբեջանին կորցնելու երկյուղից:

No comments: