Thursday, June 25, 2009

Օբաման հերքում է մեղադրանքները և քաջալերում Իրանի ժողովրդին

Tert.am. 24-6-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իրանի նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային ցույցերի և դեպքերի զարգացման մասին։ Մասնավորապես, իր խոսքում ԱՄՆ նախագահը նշել է, որ «Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ցնցված և վրդովված են Իրանում վերջին մի քանի օրերի ընթացքում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններով և ձերբակալություններով»։ «Ես խորապես քննադատում եմ այդ անարդարացի գործողությունները և միանում ողջ ամերիկյան ժողովրդին, ով սգում է յուրաքանչյուր անմեղ կյանքի կորուստը», - ասել է ԱՄՆ նախագահը։ «Ես պարզ ասել եմ, որ Միացյալ Նահանգները հարգում են Իրանի իսլամական հանրապետության ինքնավարությունը և չեն միջամտում վերջինիս ներքին գործերին։ Սակայն մենք նաև ականատես եղանք Իրանի ժողովրդի համարձակությանն ու արժանապատվությանը, ինչպես նաև ակնառու առաջխաղացմանն Իրանի հասարակությունում։ Եվ մենք ցավում ենք այն բռնության համար, որը կիրառվում է անմեղ քաղաքացիների նկատմամբ, որտեղ էլ որ այն լինի»,- հայտարարել է Բարաք Օբաման։ Միացյալ Նահանգների նախագահը նաև հավելել է, որ «Իրանի ժողովուրդը փորձում է վիճարկել իր ապագան։ Որոշներն Իրանում՝ մասնավորապես, երկրի կառավարությունում, փորձում են խույս տալ այդ հակամարտություններից՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին և այլ արևմտյան պետություններին նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ բողոքի ցույցերը հրահրելու մեջ։ Այդ մեղադրանքներն ակնհայտորեն սուտ են»։

No comments: