Thursday, June 25, 2009

ԻՆՉԸ ԿԸՆՏՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Նյու Յորքում, Ֆորդհամ իրավաբանական դպրոցում Lragir. 24-6-2009- հայ թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ ելույթում, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը անդրադարձել է այն խնդրին, որ Հայաստանի երեք իշխանություններն էլ փորձել են Թուրքիայի հետ հասնել բարիդրացիական հարաբերությունների, և տարիների ընթացքում հայ հասարակությունը ընդհանուր առմամբ պատրաստակամություն է դրսևորել նորմալ հարաբերությունների հաստատմանը` չնայած բոլոր մտավախություններին:Մինչդեռ, ըստ Վարդան Օսկանյանի, Թուրքիայում մտածողության 4 տարբեր մոտեցում կա: “Առաջինը այն ամենաստվար և սեփական պատմությանը քիչ տեղյակ զանգվածն է, որը նպաստում է այլատյացության և ռասիզմի տարածմանը: Երկրորդը քեմալիստական վերնախավն է: Նրանք ներկայացնում են պահպանողական թևը, որը ներառում է ուժայիններին, հին գվարդիան, որոնք ավելի շատ հետաքրքրված են Թուրքիայի իմիջով և հեղինակությամբ, քան պատմության ընդունմամբ` պատասխանատվություն ստանձնելով և հարևաններին հարգելով”, ասում է Վարդան Օսկանյանը, նշելով սակայն, թե բարեբախտաբար կա նաև երրորդ խավը:“Սրանք թուրք հասարակության մամուլի, ակադեմիական շրջանակների, մշակույթի և այլ բնագավառների այն ներկայացուցիչներն են, որոնց կարելի է անվանել Հրանտ Դինքի անձնական և գաղափարական ընկերները և համախոհները: Սա այն խավն է, որի հետ մենք պետք է աշխատենք, որովհետև եթե երբևե փոփոխություն լինի թուրք հասարակության մեջ, դա կլինի այս խմբի ջանքերի արդյունքում:Եվ վերջապես չորրորդ խումբը: Դա Թուրքիայի այսօրվա կառավարությունն է` ավելի արևմտամետ, արտաքին քաղաքականության մեջ ավելի իրատես, տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր դերակատարմամբ ավելի շահագրգռված: Երբ այս կառավարությունն առաջին անգամ ընտրվեց, նրանք մտադրություն հայտնեցին վերանայելու իրենց վարած քաղաքականությունը իրենց հարևանների, այդ թվում`Հայաստանի նկատմամբ: Դեռևս արտաքին գործերի նախարար Գյուլի հետ իմ առաջին հանդիպմանը, նա հստակ ցանկություն հայտնեց տարանջատելու հայ-թուրքական հարաբերությունները Ադրբեջանից: Բայց Ադրբեջանի ճնշումը գերակշռեց և Թուրքիայի քաղաքականությունը չփոխվեց”, նշում է Վարդան Օսկանյանը: Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը, ըստ Վարդան Օսկանյանի, տարբերվում է նախորդից հայ-թուրքական բանակցությունները հրապարակային դարձնելու որոշմամբ: Թուրքական կողմը, օգտվելով այն բանից, որ հայկական կողմն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց կա, սկսել է ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը որպես հայ-թուրքական հարաբերությունների միակ խոչնդոտ ներկայացնել, դիտարկում է Վարդան Օսկանյանը: “Այս իրավիճակում միջազգային հանրությունը հնարավոր երկու ուղղություններից մեկը կընտրի: Կամ կընդունի, որ Թուրքիան Հայաստանին, Միացյալ Նահանգներին և Եվրոպային մոլորեցրել է և պատասխանատու է այսօր ձևավորված ավելի խորն անվստահության մթնոլորտի և փակ սահմանի համար:Կամ (այստեղ վտանգ և մարտահրավեր կա մեզ համար) միջազգային հանրությունը կմեծացնի ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ասում են, որ միայն այս հարցում առաջընթացի դեպքում է հնարավոր որոշակի դրական առաջխաղացում հայ-թուրքական հարաբերություններում”, ասում է Վարդան Օսկանյանը:

No comments: