Thursday, June 18, 2009

Սիրիան բարդություններ չի ուզում Ղարաբաղյան հիմնահարցում. Ասադ

HayInfo. 17-6-2009- Սիրիան բարդություններ չի ուզում Ղարաբաղյան հիմնահարցում, ասաց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Իհարկե սա, բարդ խնդիր է, բայց մենք չենք ցանկանում դրա էլ ավելի բարդացումը, քանի որ մերձարևելյան փորձից ելնելով՝ մենք գիտենք, որ այդ դեպքում խնդրի լուծումն ավելի կբարդանա»,- նշեց Սիրիայի նախագահը: Նրա խոսքերով, ինքը ցանկացել է իմանալ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջան կատարելիք իր այցի նախաշեմին: Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: