«ԱԶԳ», 18-06-2009- 38 տարի առաջ, 1971 թվականի հունիսի 17-ին, Երեւանից դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին ավտովթարի հետեւանքով զոհվեց հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սեւակը:
Ամեն տարի այս օրը Գրողների միությունը մեկնում է Արարատի մարզ` Պարույր Սեւակի տուն-թանգարան: Մինչ թանգարան հասնելը, Արարատի ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել մահվան դեպքը, դրված է հուշաքար: Հուշաքարին ծաղիկներ դրեցին Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը եւ գրողների միության անդամները: Մարդաշատ էր պուրակը եւ Զանգակատուն գյուղի դպրոցահասակները հնչեցնում էին Սեւակի ստեղծագործությունների լավագույն ընտրանին: Սեւակյան տողերը այսօր հնչում են գրեթե բոլորի կողմից: «Պարույր Սեւակի պես մեծ բանաստեղծներ ունեցող ժողովուրդը միշտ իր աչքը կհառի իր տան գրադարանին, որ նրա խոսքը առօրյայում միշտ հնչի: Սեւակի լավագույն գործերը այսօր, ցավոք սրտի, քիչ են կարդում եւ լայն մասշտաբին հասու չեն շատերը: Ասմունքողները 30 տարի շարունակ կարդում են «Անլռելի զանգակատուն»: Սակայն դրանով չի սահմանափակվում նրա պոեզիան: Այսօր գրեթե չեն կարդում «Եղիցի լույս» ժողովածուն»,- նշեց բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Պոեզիայի երեկոյին մասնակցություն ցուցաբերեցին բանաստեղծներ Համլետ Կարճիկյանը, Նինա Հարությունյանը, Գագիկ Դավթյանը եւ ուրիշներ: Բանաստեղծները նշում են, որ շատ գրաքննադատներ Սեւակին չհասկանալու համար քննադատել են: Բանաստեղծն այն մարդն է, ով իր երակներում կրում է ոսկեղենիկ խոսքը:
Միջոցառման ժամանակ մարզպետ Վարդգես Հովակիմյանը դրամական պարգեւ եւ հավաստագիր հանձնեց բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանին «Հավատացեք, որովհետեւ չեք հավատալու» բանաստեղծությունների ժողովածուի համար: Ելույթ ունեցավ Աբովյան քաղաքի 6-րդ դպրոցի «Էրզրում» երգչախումբը եւ ասմունքողներ: Գրողների միությունը հունվարի 24-ին եւ հունիսի 17-ինՙ ծննդյան եւ մահվան տարելիցներին, ամեն տարի այցելում է Զանգակատուն: «Եթե մեկ տարի չգամ, նշանակում է արդեն մահացել եմ»,- ասաց բանաստեղծուհի Նինա Հարությունյանը: Պարույր Սեւակը վերջին մակագրությունը նրա համար է արել 1971 թվականի հունիսի 2-ին համագումարի ժամանակ «Անլռելի զանգակատուն» ժողովածուի երկրորդ հատորի վրա: Շատերը, որոնց տան գրադարանում կար Սեւակի մակագրությունը, այդ գրքերը նվիրեցին թանգարանին: Թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց, որ Պարույր Սեւակի ստեղծագործությունները միշտ էլ կապրեն ընթերցասերների սրտերում:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արարատ-Երեւան
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment