Thursday, June 18, 2009

Սիրիան պատրաստ է օգնել հայ-թուրքական հարաբերությունների առաջ շարժվելուն

Tert.am.17-6-2009- Սիրիայում գոհունակությամբ են ընդունել հայ–թուրքական հարաբերություններում կատարվող քայլերն ու դեռ պատրաստ են օգնել այդ հարաբերությունների առաջընթացին։ «Ես նախագահ Սարգսյանին հայտնեցի իմ կարծիքը, որ մենք պատրաստ են օգնելու, որպեսզի այդ հարաբերությունները առաջ շարժվեն։ Դա ելնելով այն հանգամանքից, որ հարաբերություններ գոյություն ունեն Սիրիայի և Հայաստանի միջև մի կողմից, մյուս կողմից՝ Սիրիայի և Թուրքիայի միջև», - այսօր Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը։ Հայաստանի նախագահի հետ կայացած առանձնազրույցից ու համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց հետո այսօր երկու երկրների նախագահները ՀՀ նախագահի նստավայրի ամառային սրահում ասուլիս են տվել Հայաստանի և Սիրիայի լրագրողների համար։ Սիրիայի նախագահին ներկայացվել է նաև ղարաբաղյան կարգավորման ընթացքը, որի վերաբերյալ արաբական հանրապետության ղեկավարն ասել է, թե խնդիրն, իհարկե, խրթին է, բայց սեփական փորձից գիտեն, որ ինչքան խնդիրը բարդանում է, դրա լուծումն այնքան դժվարանում է։ Բաշար Ալ-Ասադը նաև խոսել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման մասին՝ նշելով, որ այսօր չկա մի իսրայելցի գործընկեր, որ կարողէ նստել խաղաղության սեղանի շուրջ, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու խաղաղության հաստատման գործընթացը։ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»,- հայ-սիրիական բարեկամական և պատմական հարաբերությունների մասին խոսելիս հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ալ-Ասադի՝ Հայաստանում տարիներ առաջ կատարած հայտարարությունը։ Նախագահ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջև տարիների պատմություն ունեցող հարաբերություններից, հիշատակել, որ Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիան ընդունել է հարյուր հազարավոր հայերի։ Մի շարք ոլորտներում հարաբերությունների մակարդակից գոհ լինելով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը կարևորել է առևտրաարդյունաբերության, տնտեսության՝ մասնավորապես ներդրումների առումով համագործակցության խորացումը։ Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ քննարկված բոլոր հարցերի դեպքում էլ կողմերի միջև առկա է լիակատար փոխըմբռնում։ «Պոտենցիալը շատ է, և մենք այն պետք է օգտագործենք ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է Հայաստանի նախագահը։ Ի դեպ, Սիրիայի նախագահը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Հայաստան։

No comments: