Thursday, June 18, 2009

Քաղաքագետը եւ հոգեբանը` ազգային գաղափարախոսության եւ ազգային շահի մասին

«ՀԵՏՔ» 17-6-2009- «Թեեւ հայ ժողովրդի մշակույթի մեջ ազգային գաղափարախոսության գաղափարներ կան, ստեղծվել են, այնուամենայնիվ, մենք պետք է մեծ աշխատանք կատարենք, որպեսզի կարողանանք ստեղծել ամբողջական ազգային գաղափարախոսություն»,-այսօր Արմատ ակումբում կարծիք հայտնեց հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նա գտնում է, որ ազգային գաղափարախոսությունն անհրաժեշտ է. «Այն ազգը, որը չունի հստակորեն ձեւավորված գաղափարախոսություն, նա չգիտի` ուր է գնում, քանի որ գաղափարախոսության հիմքում ընկած է արժեքների դավանանքը, եթե մարդը ունի արժեքներ, ունի կողմնորոշվածություն, նա կարողանում է իմաստավորել կյանքը»: Հայ ազգի համար գաղափարախոսության հիմքում, ըստ հոգեբանի, պետք է ընկած լինի հոգեկերտվածքի մասին հիմնավորված կարծիք. «Հոգեկերտվածքի մեջ մենք մտցնում ենք ազգի մեջ գերակշռող խառնվածքը, բնավորության գծերը, հոգեբանական տիպերը եւ այլ բաղադրիչներ: Այսօր մենք դեռեւս մինչեւ վերջ ձեւավորված չունենք հայկական էթնոհոգեբանությունը»: Ըստ հոգեբանի` հայկական գաղափարախոսություն ստեղծելուն խոչընդոտում են մի շարք իրողություններ, որոնցից առաջինը եւ գլխավորը հայ ժողովրդի` տարբեր խմբերի բաժանված լինելն է. «Ութսունից ավելի հայկական գաղութներ կան, որոնք գտնվում են տարբեր մշակույթների եւ միջավայրերի ազդեցության տակ: Բուն Հայաստանում եւս հայերը հոգեբանական առումով միատարր չեն` ամենատարբեր հարցերի շուրջ կոնֆլիկտներ են առաջանում, որովհետեւ մոտեցումները տարբեր են»: Հարեւանների հետ հարաբերություններ ունենալու համար էլ հայերին անհրաժեշտ է իմանալ նրանց հոգեբանությունը: «Դա թույլ է տալիս կանխատեսել վատը: Հիմա շատ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, արդյոք դուք գիտեք թուրքերի ազգային գաղափարախոսությունը, Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելիս ինչ գաղափարներով են նրանք առաջնորդվում, ինչ հեռահար նպատակներ ունեն, եւ որն է Հայաստանի դերը այդ նպատակները իրականացնելու համար»,- հարցնում է հոգեբանը: Հայաստանի քաղաքական էլիտան, ըստ Նալչաջյանի, հարաբերությունները կարգավորելու համար առաջնորդվում է Արեւմուտքից եկած ազդակներով. «Պետք է մշակել փաստաթուղթ: Մեր Ազգային ակադեմիան չունի համապատասխան պոտենցիալ, որ այդ հարցը լուծի»: Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ կարծում է, որ Եվրոպան այսօր ազգայնանում է, քանի որ ազգային գաղափարախոսությունը կրող կուսակցությունները հաղթում են ընտրություններում. «Մենք շատ վտանգավոր խաղի մեջ ենք որպես պետականություն. մենք փորձում ենք փոխել Կովկասի ռազմավարական իրադրությունը: Եթե հայ-թուրքական հարաբերությունները ձեւավորվեն, Հայաստանը դառնում է այն երկիրը, որ փոխում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի եւ Հարավային Կովկասի գեոպոլիտիկան»: Քաղաքագետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների պատճառով ավերվելու է հայ տնտեսությունը. «Նաեւ օգնելու ենք թուրքերին բնակեցնել Արեւմտյան Հայաստանը: Ռուսաստանը պարտականություններից խուսափելու համար դուրս է բերելու ռուսական ռազմակայանները, որից հետո թուրքական ճնշումները բազմապատկվելու են»: Ազգային շահերի տեսակետից կարեւոր է գիտակցել նաեւ միջազգային երաշխիքների հարցը: «Բեռլինի կոնգրեսից սկսած` Հայկական հարցի գոյության վերաբերյալ չկա միջազգային երաշխիք, ցանկացած երաշխիք ավարտվում է գենոցիդով` մեծ կամ փոքր: Հայկական հարցը երաշխիք չունի: Ինչքան Հայաստանը ուժեղ լինի, միջազգային հանրույթի հարգանքը եւ վստահությունը կշատանա, կթուլանա` ճնշումը կմեծանա»,- ասում է Շիրինյանը: Քաղաքագետը խորհուրդ է տալիս նկատի ունենալ, որ Եվրոպան առաջնորդվում է հետեւյալ կարգախոսով` «կլինեք կարծր` ձեզ կհարգի, ինչպես Թուրքիային, չեք լինի կարծր` ձեզ կխղճա»: Իսկ զիջումների գնալը թե’ հայ-թուրքական, թե’ Ղարաբաղի հարցում, ըստ Շիրինյանի, անտեղի է. «Հայաստանը վաղուց զիջել է` Արեւմտյան Հայաստանը չկա, Ադրբեջանին մեր փոխզիջումն էլ լինելու է այն, որ չենք գնալու ավելի առաջ»:

No comments: