Wednesday, June 24, 2009

Վրացական սահմանը չհատած հայ պատգամավորին դեռ որևէ պարզաբանում չի տրվել

Tert.am.23-6-2009- Շաբաթ օրը հայ-վրացական սահմանը հատելիս խոչընդոտների հանդիպած և այդպես էլ վրացական սահմանը չհատած Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին առ այսօր որևէ պարզաբանում չի տրվել դեպքի առնչությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ «Փաստարկ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը մի խմբի հետ մեկնելիս է եղել Վրաստան՝ մասնակցելու ջավախահայության խնդիրների քննարկման համար հրավիրվելիք հանդիպման, որին պետք է մասնակցեին նաև վրացական կողմի ներկայացուցիչներ, լրագրողներ։ Մեր պատգամավորին, սակայն, մեկժամանոց քաշքշուկից հետո, ինչպես արդեն միջադեպի մանրամասները ներկայացրել է Tert.am-ը, չեն թույլատրել հատել վրացական սահմանը՝ ասելով, թե իրենց վերադասը կարգադրել է չթույլատրել պատգամավորի մուտքը Վրաստան։ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իրեն այդպես էլ որևէ պարզաբանում չեն կարողացել տալ, թե ինչու իրեն չեն թույլատրել մտնել Վրաստան։ Դեպքից անմիջապես հետո Շիրակ Թորոսյանը զանգահարել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներին, Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին։ Ավելին, ՀՀ ԱԺ պատգամավորն ասել է, որ դեպքի առթիվ ինքը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարի հետ, որը ցավ է հայտնել կատարվածի կապակցությամբ և խոստացել պարզաբանումներ ներկայացնել, ինչը, սակայն, առ այսօր չի արել։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարությանը, ապա մենք ավելի վաղ, մեջբերելով Շիրակ Թորոսյանի խոսքը, նշել էինք, թե Հայաստանի արտգործնախարարությունը դեպքի առթիվ բողոքի նոտա է հղել Վրաստանին։ Այս ձևակերպման առնչությամբ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեզ ուղղել է, թե Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա չի հղել, այլ դիվանագիտական խողովակներով փորձել է դեպքի առնչությամբ պարզաբանումներ ստանալ վրացական կողմից։ Tert.am-ն այսօր Շիրակ Թորոսյանին խնդրել է պարզաբանել, թե ի վերջո ո՞վ է նրան ասել, թե մեր երկիրը բողոքի նոտա է հղել Վրաստանին։ Շիրակ Թորոսյանն ասել է, թե ինքը խոսել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ, ով պատգամավորին ասել է, թե իրենք պատրաստվում են բողոքի նոտա հղել Վրաստանին։ ՀՀ ԱԺ պատգամավորը նկատել է, թե գուցե հայկական արտաքին գերատեսչությունը հետո որոշել է դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ ստանալ հարցի առնչությամբ։ «Նշեմ, որ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են նոտա հղել։ Կարող է ընթացքում որոշել են նոտան փոխարինել պարզաբանման վերաբերյալ որոշ գրությամբ կամ դիվանագիտական որևէ փաստաթղթով»,- ասել է նա։

No comments: