Thursday, June 25, 2009

«Հայոց աշխարհ». Վրաստանը քամում է հայ գործարարներին

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին։ Այս այցը կարևորվում է նրանով, որ հայ-վրացական հարաբերություններում կուտակվել են բազմազան խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում` գրում է օրաթերթը։ Ներկայացնենք հատվածներ հրապարակումից։ Վրաստանը օգտվում է իր դիրքից... Վրաստանը շարունակում է Հայաստանի համար մնալ որպես հիմնական տարանցման երկիր։ Այստեղով է անցնում հայաստանյան բեռների գերակշիռ մասը։ Օգտվելով նշված հանգամանքից՝ Վրաստանը լուրջ խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնափոխադրումների համար։ ... Լուրջ խնդիրներ կան նաև Վրաստանի տարածքով Հայաստան կատարվող տարանցիկ բեռնափոխադրումների սակագների առումով։ Օգտվելով մենաշնորհային դիրքից՝ վրացական կողմը անհամեմատ բարձր գներ է սահմանում հայկական բեռնափոխադրողների համար։ Այս խնդիրն ի հայտ եկավ հատկապես անցած տարի, սակայն առավել սուր դրսևորում ստացավ ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունից հետո։ Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ դադարեցվեց վրացական լաստանավային հանգույցի գործունեությունը։ Դրան հաջորդեց նաև երկաթուղու պայթեցումը, ինչը Հայաստանին ընդհանրապես զրկեց երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելու վերջին հնարավորությունից։ Օգտվելով բեռնակուտակումներից՝ հայկական բեռնափոխադրողներին ծառայություններ մատուցող վրացական ընկերությունները միանգամից՝ շուրջ 50 տոկոսով բարձրացրին սակագները ... Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ գործարարները բողոքում են այդ իրավիճակից, սակայն խնդիրը որևէ կերպ լուծում չի ստանում։ ... Թե դրանից հետո ինչպես կփոխվի իրավիճակը և որքանով Վրաստանը կդադարեցնի իր, այսպես ասած, մենաշնորհային տեռորը հայ գործարարների և բեռնափոխադրողների նկատմամբ, բարի կամք կցուցաբերի Վերին Լարսի անցակետի վերաբացման հարցում, պարզ կդառնա Վրաստանի նախագահի հայաստանյան հանդիպումներից հետո։

No comments: