
Lragir 8-6-2009- Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալեւի հինգերորդ հանդիպումից հետո, որ օրերս տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական հայտարարությունն արեցին, ուր հետաքրքրական էր այն, որ նախագահներն իբր որոշել են նոր թեմա բացել, որը նաեւ գլխավոր թեման է, ինչպես նշում են համանախագահները:Չընկնելով թեմատիկ ենթադրությունների մեջ, այդուհանդերձ հետաքրքիր է մի բան: Իսկ ինչ եղավ մինչ այժմ քննարկվող թեման: Չէ որ եթե խոսքը նոր թեմայի մասին է, ապա կնշանակի, որ եղել է նաեւ հին թեմա: Հետեվաբար հետաքրքիր է իմանալ, թե ինչ եղավ այդ հին թեման: Նախ, որն էր այդ թեման: Բացի այդ, արդյոք նախագահները հին թեման լրիվ փակել են: Եթե փակել են, ապա ինչ վիճակով: Եկել են արդյոք այդ թեմայի շուրջ համաձայնության: Թե թեման փակել են այն պատճառով, որ չեն ցանկացել դրա վրա ավելորդ ժամանակ վատնել, քանի որ վստահ են եղել, որ միեւնույն է, չեն գա համաձայնության: Իսկ գուցե նախագահները պարզապես ձանձրացել են հին թեմայից եւ որոշել են անցնել նորին, բանակցային պրոցեսում մի փոքր թարմություն մտցնելու համար:Դրանից բացի, թերեւս հետաքրքիր է իմանալ հին եւ նոր թեմաների կապը, առաջացման սկզբնաղբյուրները` մեկը մյուսից է բխել, թե մեկը նախատեսվել է մյուսի շարունակության համար: Հարցերը կարծես թե իսկապես շատ են ու տարատեսակ: Հետաքրքիր է, թե ինչպես է կառուցվել բանակցությունը, որ այսքան տարի հետո նոր միայն նախագահները անցնում են գլխավոր թեմային: Իսկ գուցե պետք էր գլխավորը սկզբից քննարկել, նոր հետո անցնել հարակից հարցերին եւ խնդիրներին: Կամ ում համար է այդ թեման գլխավոր: Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ երկուսի համար էլ գլխավորը հենց նոր բացվող թեման է: Իսկ ինչ է մտածում այդ կապակցությամբ Ղարաբաղը: Կամ արդյոք վերջապես անցնելով գլխավորին, կողմերն ու միջնորդներն ընդունում են, որ բանակցային բովանդակությունը մինչ այժմ եղել է փաստացի սխալ եւ այդ իսկ պատճառով էլ՝ անարդյունավետ: Քանի դեռ չկան այս, եւ գուցե շատերի մոտ առաջացող այլ շատ հարցերի թեկուզ մոտավոր պատասխանները, շատ դժվար է լուրջ վերաբերվել Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվածին` գլխավոր թեմայի մասին: Բայց ակնհայտ է, որ այդ հայտարարության տվյալ դրույթը կողմերը եւ միջնորդները փորձելու են ներկայացնել որպես շատ լուրջ իրողություն: Ակնհայտ է նաեւ, որ լինելու են դրա շուրջ արվող փորձագիտական շատ լուրջ դատողություններ: Դրանք միշտ էլ եղել են եւ լինելու են, քանի որ Ղարաբաղի բանակցությունը, ինչպես ցանկացած այլ բանակցությունը, միշտ էլ ունենում է փորձագիտական հովանավորություն, որն իրականացվում է ինֆորմացիոն հովանավորության հետ զուգահեռ: Իսկ իրականությունը, սովորաբար, թաքնվում է այդ հովանավորությունների հետեւում: Կամ այդ հովանավորությունները սովորաբար թաքցնում են իրական դատարկությունը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment