«Ազատություն» 17-6-2009- Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, ինչպես չորեքշաբթի օրը նրանց հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին լուծարված խմբի անդամները, ափսոսանք են հայտնել մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի լուծարման առնչությամբ:
Նրանց փոխանցմամբ, հանդիպմանը համազեկուցողները փորձել են մանրամասներ պարզել տարաձայնությունների պատճառների վերաբերյալ եւ առաջարկել են հավաքված բոլոր նյութերն ուղարկել մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Եթե Ռոբերտ Ավագյանի (ով խմբում ներկայացնում էր իշխող կոալիցիան) պնդմամբ, խումբը ղեկավարած Վահե Ստեփանյանը արդեն իսկ բոլոր տվյալներն ուղարկել է Սամվել Նիկոյանի հանձնաժողովին եւ իրենք այլեւս որեւէ անելիք չունեն, ապա խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը անհրաժեշտ են համարել շարունակել փաստահավաք գործունեությունը եւ հետեւել հանձնաժողովի աշխատանքին:«Ստեղծում ենք պրոբլեմ եւ հետո սկսում ենք հաղթահարել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբերտ Ավագյանը: - «Եթե նախագահի կարգադրության մեջ գրված է, որ անդամներն անփոխարինելի են եւ նախագահը լուծարել է այդ խումբը, ապա մեկ ելք կա, որը եւ պարոն Կոլոմբիեն հնչեցրեց. այսինքն՝ ով ինչ ունի ասելու, թող ուղարկի ժամանակավոր հանձնաժողով: Հիմա ընդդիմադիր կողմը փաստորեն շանտաժ է անում: Ժամանակավոր հանձնաժողովն է, որ պետք է գնահատականներ տա, այլ ոչ թե պարոն Քոչարյանը, ես կամ պարոն Ստեփանյանը: [Մենք] այլեւս անելիք չունենք»:«Ես չեմ պատկերացնում առանց մեզ՝ առանց փաստահավաք խմբի անդամների եւ հատկապես ընդդիմությունը ներկայացնող փորձագետների, ինչպես պետք է այդ հանձնաժողովը այդ նյութերը կարողանա ընկալել… 2 հազար էջ, տասնյակ հարցազրույցներ ու բացատրություններ, զորամասեր այցելություններ, տասնյակ մարդկանց բացատրություններ, որոնք լույս են սփռում որոշակի հանգամանքների վրա: Դրանք շատ բարդ պրոցեսներ են», - ասաց Անդրանիկ Քոչարյանը: - «Առավել եւս, որ Նիկոյանի հանձնաժողովի ոչ մի անդամ առանց փաստահավաք խմբի անդամի պատկերացումների չի կարող ընկալել դա: Ասյինքն՝ դա կամ կկորչի, կամ չի հասկացվի, թե այնտեղ ինչ է հավաքվել»:Անդրանիկ Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ հնչեցրել են սպանության հանգամանքների ուսումնասիրմանը ինչ-որ ձեւով միջազգային փորձագետներ ներգրավելու առաջարկներ, քանի որ, նրա կարծիքով, եթե փորձագետները ի սկզբանե ընդգրկված լինեին, խմբի աշխատանքը պատասխանատու փուլում չէր փլուզվի: ԵԽԽՎ համազեկուցողները լսել եւ արձանագրել են բոլոր առաջարկները:Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հանդիպեցին նաեւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների կանանց հետ: Նրանց մտահոգությունները վերաբերում էին համաներման եւ դատավճիռների կայացման խնդրին: «Շատ հարցեր կան, որ մենք պատասխանները չունենք: Արդյո՞ք համաներումը բոլոր քաղբանտարկյալների վրա կտարածվի, արդյո՞ք հետո նրանք հետապնդումների չեն ենթարկվի, ի՞նչ պետք է լինի մարտի մեկի սպանությունների բացահայտման գործը: Այդ հարցերի պատասխանները մենք չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Իսկ Մյասնիկ Մալխասյանի կնոջ՝ Աննա Մալխասյանի կարծիքով, միայն համաներումը չէ իրենց պահանջը: Նաեւ արդար դատավճիռ են պահանջում. - «Մենք արդարացման վճիռ ենք պահանջում, դատավարությունները ցույց են տալիս, որ նրանք մեղավոր չեն»:ԵԽԽՎ համազեկուցողները ավելի ուշ հանդիպելու են նաեւ մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներին:
Իրինա Հովհաննիսյան
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment