Saturday, June 27, 2009

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 26-06-2009- Քաղաքական ռեալիզմը ուսուցանում է, որ մենք չպետք է արագ եւ հեշտ լուծում ակնկալեք ցեղասպանության ճանաչման հարցում: Այդուհանդերձ մենք շատ ցնցվեցինք, երբ մեր ակնկալիքները պատնեշի հանդիպեցին: Նախագահ Օբաման խուսափեց օգտագործել «Ց» (ցեղասպանություն) բառը նահատակների օրվա իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ, չնայած նա դրան շատ մոտեցավ Անկարայում կատարած իր մյուս հայտարարություններով: Սա նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել եւ պահանջել նախագահից, որ խոստմանը տեր կանգնի: Եթե կարողանանք արդյունավետ պայքար ծավալել, մեզ կհաջողվի գուցե կատարել տալ իր խոստումը նախքան պաշտոնավարության ավարտը եւ նախքան ամերիկահայերի քվեների կարիքն զգալը` նախագահության երկրորդ ժամկետի համար: Առիթը չպետք է բաց թողնենք պահանջելու նրանից, որ օգտագործի «Ց» (ցեղասպանություն) բառը, քանի դեռ ձվաձեւ գրասենյակն է զբաղեցնում: Այդ ժամանակ տարբերություն չի լինելու նախագահության թեկնածու Օբամայի եւ նախագահ Օբամայի միջեւ: Եթե 94 տարիները չեն սպառել մեր վճռականությունը, մենք կարող ենք դեռ առաջ գնալ եւ պահանջել, որ Մ. Նահանգների կառավարությունը եւ աշխարհի մյուս կառավարությունները ճանաչեն մեր ժողովրդի հանդեպ գործադրված ցեղասպանությունը: Մինչ դա կմնա մեր երկարաժամկետ նպատակը, մենք պարտավոր ենք դիմագրավել անմիջական քաղաքական մարտահրավերներին, որոնք հառնում են մեր առաջ: Պետքարտուղարությունը նախորդ վարչակազմի օրոք տվել էր իր գնահատականը կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ եւ այս գնահատականը կարծես անփոփոխ փոխանցվել է Օբամայի վարչակազմին: Անշուշտ արտաքին քաղաքականության բազմաթիվ այլ խնդիրներ եւս չեն վերանայվել եւ չեն վերանայվելու: Թեպետ նախագահ Օբաման փոխել է Մ. Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի նկատմամբ եւ հաշտեցման եզրեր է փնտրում զայրացած մահմեդական աշխարհի հետ, որին նախորդ վարչակազմը անշրջահայաց կերպով ռմբակոծեց եւ ահաբեկեց, փոփոխությունը չի տարածվում արտաքին քաղաքականության մյուս հարցերի վրա: Բուշի վարչակազմի նոր պահպանողականները մեկ ասույթ էին սովորել իրենց ուսուցիչ Բեռնար Լուիսից, այն է, որ մահմեդականները սրով ու թրով էին նվաճել աշխարհը, ուրեմն նրանք հարգում էին միայն ուժը եւ իշխանությունը: Այդ ասույթը գուցե ճշմարիտ հնչեր այն ժամանակ, միջին դարերում, բայց մեր օրերում, ներկա դարաշրջանում դա հարված հասցրեց վարչակազմի երեսին, եւ այդ պատճառով էլ Մ. Նահանգները գտնվում են այս վիճակում: Նախագահ Օբաման որոշակիորեն շրջվեց այդ ցինիկ փիլիսոփայությունից եւ, հուսով ենք, քաղաքականության այդ փոփոխությունը մեզ խաղաղություն է պարգեւելու: Թվում է, թե պետքարտուղարությունը շարունակելու է իր նախորդների քաղաքականությունը, որը ձեռնտու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար, որպեսզի կարողանա փոխհատուցել իր քարոզարշավի թուրք հովանավորներին: Մինչ ցեղասպանության հարցի ամբողջ ծանրաբեռնվածությունը նախագահի ուսերի վրա է, Հայաստանին ուղղված ներկա պատժամիջոցներն ավելի խոր արմատներ ունեն: Կարծես բավական չէր, որ վարչակազմը զգալիորեն նվազեցրել էր Հայաստանին տրված տարեկան օժանդակության չափսը, ավելացնելով Ադրբեջանին հատկացված չափաբաժինը, հիմա էլ մեկ ուրիշ ապտակ է հասցնում մեր երեսին, որի անմիջական ազդեցությունը զգալու է մեր ժողովուրդը: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան» (ՀՄԿ) 67 միլիոն դոլարով կրճատել է իր ծրագրերը Հայաստանում: Որոշումը ընդունվել է հունիսի 10-ին` Հիլարի Քլինթոնի նախագահությամբ անցկացված ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի ժողովի ընթացքում: ՀՄԿ-ի ծրագիրը Հայաստանում մեկնարկեց 2006-ի սեպտեմբերին: 235 միլիոն դոլար էր հատկացված Հայաստանում այդ ծրագրի իրականացման համար: Գումարը տրամադրվում էր եռամսյակը մեկ` ժողովրդավարական չափանիշների իրականացման հիման վրա: Ծրագրված էր ընդգրկել 750 հազար հողագործների կամ հանրապետության գյուղական բնակչության 75 տոկոսին: Ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մասերն էին ճանապարհների շինարարությունն ու ոռոգման համակարգերի վերանորոգումները: Ըստ Համաշխարհային շուկաների ուսումնասիրման կենտրոնից (ՀՇՈւԿ) Նատալյա Լեշչենկոյի` «Հայաստանի կառավարությունը չի տեսնելու 2006-ի պայմանագրով նախատեսված 67 միլիոն դոլարը, որը մինչեւ 2011 թվականը հատկացվելիք 235,5 միլիոն դոլարի օժանդակության մաս էր կազմում: Դրանից 160 միլիոն դոլարը պետք է ուղղորդվեր ճանապարհների շինարարությանն ու վերակառուցմանը: Այժմ սկսված ծրագրերը պետք է կանգ առնեն»: Այս որոշումը կարծես վերանայման ենթակա չէ: Նույն աղբյուրը որպես պատճառ նման կոշտ մոտեցման նշում է. «Մ. Նահանգների պետքարտուղարությունը, որը ՀՄԿ-ն ղեկավարում է ժողովրդավարական չափանիշներով, անհանգստացած է Հայաստանում ժողովրդավարության վիճակով` 2008-ի փետրվարին կայացած նախագահական վիճելի ընտրություններից ի վեր, եւ նախազգուշացրել է կառավարությանը հատկացումների հնարավոր նվազեցման մասին, եթե բարեփոխումներ չկատարվեն: Մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունը մայրաքաղաք Երեւանում, որն, ըստ ընդդիմության, խարդախված էր, «վերջին կաթիլն էր»: ՀՄԿ-ն դադարեցրեց ենթակառուցվածքների վերանորոգմանը հատկացվելիք օժանդակությունը, շեշտելով, որ որոշումն անփոփոխ է եւ պատասխանատվության ամբողջ ծանրությունը ընկնում է հայկական իշխանությունների վրա»: Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի գյուղական վայրերի ճանապարհների ողորմելի վիճակին, շատ լավ են հասկանալու այս պատժամիջոցի ամբողջական ազդեցությունը, որն ուղղված է առավելապես ժողովրդին եւ ոչ թե կառավարությանը, որին մեղադրում են ժողովրդավարական նորմերը չպահպանելու համար: Պատժական այս գործողությունն ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի: Դա ժողովրդավարական չափանիշների կիրառման երկակի բնույթի հետեւանք է: Հարեւան Ադրբեջանը վերջերս հանրաքվեով փոփոխություն մտցրեց սահմանադրության մեջ` թույլատրելով Իլհամ Ալիեւին նախագահել մինչեւ կյանքի վերջը, որը նշանակում է վերադարձ դեպի միջնադարյան խանական համակարգին: Դրան հասնելու համար Ալիեւը բանտարկեց լրագրողների եւ սպանել տվեց ընդդիմադիր առաջնորդների: Եվ այս բոլոր «ժողովրդավարական» գործողությունների համար Ադրբեջանը վարձատրվեց` հավելյալ օժանդակություն ստանալով Մ. Նահանգներից: Ավելին, Օբաման շարունակում է Ազատության աջակցության օրենքի 901 հոդվածի վերաբերյալ Բուշի որդեգրած քաղաքականությունը: Բուշը Կոնգրեսի կամքին հակառակ գնալով, զենքի վաճառքը Ադրբեջանին դարձրել էր կիրառելի արտոնություն: Պետքարտուղարության գործողությունը քաղաքական շատ ավելի խոր ենթատեքստ ունի, քան սոսկ ժողովրդավարական չափանիշների կիրառումը Հայաստանում թե Ադրբեջանում: Իր լկտի գործողություններով Բաքվի կառավարությունը արդեն իսկ ժողովրդավարական նորմերը ծիծաղի առարկա է դարձել: Իսկ Հայաստանը պարզապես դարձել է Կովկասում գերհզոր պետությունների մրցակցության զոհը: Ռուսաստանը սեղմում է օղակը Վաշինգտոնի կողմից պաշտպանյալ պետության` Վրաստանի շուրջը, Մ. Նահանգներն էլ իր հերթին փոխադարձաբար պատժում է Ռուսաստանի կողմից պաշտպանյալ պետությանը` Հայաստանին: Մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից օգտվելով` Ռուսաստանը վերջ տվեց ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատին` Վրաստան-Աբխազիա սահմանագծում, հայտարարելով, որ Աբխազիան այժմ արդեն ինքնուրույն պետություն է: Բացի այդ, մայիսի 31-ի երեւանյան քաղաքապետի ընտրությունների արդյունքները վիճարկեց միայն ընդդիմությունը, որն ակնկալելի է որեւէ երկրում, բայց Եվրոմիության դիտորդների հավանությանն արժանացան: Դժբախտաբար, Բուշի վարչակազմը անընդհատ փորձեց ապակայունացնել Հայաստանը: Դրանում համոզվելու համար բավական է միայն լսել Մ. Նահանգների ֆինանսավորմամբ գործող «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները: Թվում է, թե Օբամայի վարչակազմն էլ է որդեգրել այդ քաղաքականությունը, եւ հիմա ՀՄԿ-ի նոր պատժամիջոցով մի նոր հարված է հասցնում անօգնական մի ժողովրդի: Մի՞թե սա չի հակասում Օբամայի դավանած բարձրարժեք բարոյական սկզբունքներին: USAID-ին սկզբունքորեն որեւէ այլ բանի հետ առնչություն չպետք է ունենա, մասնավորապես չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք` քայքայելու վարկ ստացող երկրի ներքին քաղաքականությունը: Վերջերս Բոլիվիայի կառավարությունը խստորեն բողոքել էր, որ USAID-ին պաշտպանում է երկրի ընդդիմադիր խմբավորումներին: Ծիծաղելի է, որ այդ ընդդիմադիր կուսակցությունների կազմում հարուստ հողատերերն են, որոնք ցանկանում են անջատվել այդ աղքատ երկրի մնացյալ մասից: Պատահականություն չէ, որ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը Ամերիկա է ուղեւորվում այս օրերին բացատրական որոշ աշխատանքներ կատարելու տեղի հայկական համայնքներում: Իր նախորդների նման տիկին Յովանովիչն էլ կարողացել է կարճ ժամանակում շահել Հայաստանի բարեհաճությունը, սակայն նա հիմա ստիպված է իր վերադասների սարսափելի գործողություններին ըմբռնումով մոտենալ եւ փորձել մեղմել մեր ընդվզումը: Մեր պարտականությունն է պատշաճ հարգանքի պայմաններում տալ նրան ամենախրթին հարցերը: Իր շրջագայության ավարտին կասկած չպետք է ունենանք, որ նա պետքարտուղարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նշի, որ հայկական համայնքը զայրացած է այս անտեղի եւ չհիմնավորված գործողությամբ եւ որ ամեն ինչ անելու է համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու որեւէ ժամանակ եւ որեւէ ձեւով: Մեր մյուս գործողությունը օրենսդիր մարմինների հետ է: Մեր քարոզչական խմբավորումներին զուգահեռ, ամեն մի հայ պարտավոր է այնքան ձանձրացնել կոնգրեսականներին եւ սենատորներին, մինչեւ մեր ընդհանուր ձայնը լսելի դառնա: Մ. Նահանգները որոշիչ դերակատարություն ունի շատ երկրների, այդ թվում, իհարկե, նաեւ Հայաստանի ճակատագրում: Հայաստանը չի կարող նավթ կամ որեւէ այլ ռեսուրս հայտնաբերել ինքն իրեն անփոխարինելի դարձնելու համար: Ոչ էլ կարող է փոխել դաշնակցային կապերը, քանի դեռ Թուրքիան աչալրջորեն հսկում է սահմանում: Այնպես որ Հայաստանի պաշտպանական գիծն այստեղ է, այս երկրում` Մ. Նահանգներում: Մենք պետք է մարտահրավերն ընդունենք, քաղաքականապես գրագետ դարձնենք մեր համայնքը եւ մեր ձայնը բարձրացնենք ի պաշտպանություն Հայաստանի: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

No comments: