Thursday, June 18, 2009

ՕԲԱՄԱՅԻՆ ՊԱԽԱՐԱԿԵԼՆ ԷԼ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ

«ԱԶԳ», 18-06-2009- Այս տարվա ապրիլի 24-ից ի վեր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային պախարակելը աշխարհով մեկ սփռված հայկական մամուլի համար դարձել է ազգային յուրահատուկ զբաղմունք: Նախագահը խոստացել էր ամերիկահայ համայնքին ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն զոհերի հիշատակին նվիրված իր առաջին ելույթի ժամանակ նա դրժեց խոստումը: Ավելին, նա նվազեցրեց Հայաստանին հատկացված օգնության չափը, չնայած նվազեցման այդ քաղաքականությունը սկիզբ էր առել դեռ Բուշի վարչակազմի օրոք: Նախագահ Օբաման դարձավ հայկական լրատվամիջոցների մեծագույն թիրախը: Մեր հարգարժան սյունակագիրները որոշ դեպքերում չափազանց ծայրահեղ բնութագրումներով ներկայացրին նրա դրժումը: Մ. Նահանգների արեւմտյան ափի որոշ խմբակցություններ նույնիսկ համարձակվեցին շրջափակել այնպիսի դրամահավաքային խնջույքներ եւ հանդիսություններ, որոնցում գլխավոր բանախոսը նախագահ Օբաման էր: Քննադատություններն ամբողջ Ամերիկայով մեկ եւ դրանից այն կողմ այնքան համահունչ են մեկը մյուսին, որ որեւէ այլ տեսակետ կամ մեկնաբանություն կարող է սրբապղծություն համարվել: Այնուամենայնիվ, պիտի ցանկանայի կանգ առնել եւ խորհրդածել, որովհետեւ քաղաքական գործընթացները ֆուտբոլային խաղեր չեն, որոնցում արդյունքներն անմիջապես եւ հստակ հայտնի են դառնում հանդիպումների ավարտին: Միաժամանակ պիտի չուզեի փաստաբանի դերը կատարել, քանի որ դեռ վաղ է Օբամայի խոստումների եւ կատարած գործերի վերաբերյալ դատողություններ անելը եւ անխոհեմՙ շտապ եզրակացությունների հանգելը: Քաղաքական գործընթացը «առ եւ տուր» է ներառում: Օբաման խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխարենը, հավանաբար, ակնկալելով մեր պաշտպանությունը իր թեկնածությանը: Այժմ, երբ գիտենք, որ ցարդ նա չի պահել իր խոստումը, մենք պետք է քննարկենք նաեւ մեր պարտավորությունների կատարումը: Օբամայի բարոյական հատկանիշները հարցականի տակ դնելն այնքան էլ արդարացված չէ, քանի որ Անկարայումՙ թուրք ղեկավարների ներկայությամբ նա հաստատ նշեց, որ Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Նա նաեւ գործի լծեց թուրք ղեկավարներինՙ թուրքական խորհրդարանում ելույթ ունենալով եւ կառավարությունից պահանջելով հաշտվել իր տխուր անցյալի հետ: Թեմաների կամ խնդիրների պակասը չուներ, բայց նա առիթն օգտագործեց հիշեցնելու համար այդ կնճռոտ եւ ցավոտ հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշման մասին: Այսքանըՙ քաղաքականության մեջ նրա բարոյականության մասին: Բոլորս էլ քաջ գիտենք, որ ինչպես նավթն ու ջուրը, այդ երկուսն իրար մեջ չեն լուծվում: Գալով «Ցեղասպանություն» բառեզրի օգտագործման կամ չօգտագործման խնդրին, մենք այնտեղՙ նախագահի ելույթի տեքստում տեսնում ենք Սամանթա Փաուերսի ձեռագիրը: Չշրջանցելով ցեղասպանության վերաբերյալ այլ մանրամասներ, Փաուերսը փորձել էր օգտվել նախադեպիցՙ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի բառապաշարից, երբ Հայաստան այցելելով առաջին անգամ «Ցեղասպանություն» բառեզրի փոխարեն նա օգտագործել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը, չնայած քաղաքական գործիչ չլինելովՙ ակնկալվում էր, որ նա բարոյական խիզախություն դրսեւորելով իրերը կանվանի իրենց անուններով: Չհամաձայնելով մեր ընկերոջՙ Դավիթ Բոյաջյանի հետ, որը պահանջում էր նրա հրաժարականը, նշեմ, որ Սամանթա Փաուերսը չափազանց արժեքավոր մի անձնավորություն է, որին չպետք է կորցնենք: Նա Օբամայի ներքին շրջանակներից էր նախընտրական փուլում, երբ ընդհարվեց Հիլարի Քլինթոնի հետ եւ ստիպված էր ճնշումների ազդեցության տակ հրաժարական տալ: Սակայն Օբամայի վճռականությունը նրան հետ բերեց եւ դեռ շատ վաղ է դատել նրան կամ ազատվել նրանից անսկզբունքայնության պատրվակով: Օբամայի վարչակազմը դեռ երեք տարի եւս կառավարելու է երկիրը, եւ մենք բազում առիթներ կունենանք հիշեցնելու նրան իր խոստումների մասին, սակայն չմոռանանք, որ մեր ամեն մի ակնարկը, երբեմն բավական կոպիտ, երբեմն էլ չափազանց միամիտ, իր դերը խաղալու է այդ գործում: Մենք դեռ պետք է պայքարենք HR 252 բանաձեւի ընդունման համար: Ակնհայտ է, որ իր խոստմանը հավատարիմ մնալով նախագահը դեմ չի գնալու իր բարոյական սկզբունքներին եւ վավերացնելու է բանաձեւը, երբ այն հասնի իրեն, բայց «կեղտոտ գործը» կարող է կատարվել օրենսդիրների շրջանում, որոնք բավականաչափ քվեներ չապահովելովՙ հնարավոր է, որ տապալեն բանաձեւի ընդունումը մի ավելորդ անգամ եւս հարված հասցնելով նախագահին: Երբ նախագահի գործունեությունը կամ անգործունեությունն ենք դատում, մենք պարտավոր ենք հաշվի առնել նաեւ խնդիրների քաղաքական ենթատեքստը եւ նախագահի վարքագիծը բնորոշող կոնկրետ գործոնները: Ընդունված կանոնն այն է, որ թեկնածուների խոստումները միշտ տարբեր են լինում արդեն ընտրված պաշտոնյաների խոստումներից: Նախագահ Ռեյգանը բացառություն էր: Նախագահի ընտրությունից հետո կաբինետի անդամները փոխարինվում են նորերովՙ նրան պաշտպանող քաղաքական ուժերով, բայց շարքայինները, վերլուծաբաններն ու կարիերային դիվանագետները մնում են իրենց տեղերում, դիտարկելու քաղաքական իրադարձությունները եւ ըստ այդմ նախագծելու երկրի քաղաքական կուրսը: Չեն բացառվում, մեր դեպքում, նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անցյալի կապերը թուրքական քարոզչական խմբակցությունների հետ: Այդ կապերը եւս, գուցե, կատարեցին իրենց դերը: Մեր թերթերն ու քարոզչական խմբավորումները պարծենում են, որ ունենք 1,5 միլիոնանոց ամերիկահայ համայնք: Սակայն թե դրա ո՞ր տոկոսն էր մոբիլիզացվել քվեարկության ժամանակ եւ որքա՞նը իրականում քվեարկել էր հօգուտ նորընտիր նախագահի, երեւի ավելի լավ գիտեն Օբամայի նախընտրական արշավի կազմակերպողները: Նրանք քաջատեղյակ են երկրում ունեցած մեր քաղաքական կշռին: Եկեք անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ հայերիս մեծ մասը ապաքաղաքականացված է: Ընդունենք նաեւ, որ որոշների համար մաշկի գույնը դեռ նշանակություն ունի, իսկ երրորդ խումբն էլ թունդ հանրապետական է: Այնպես որ քաղաքական ասպարեզում մեր կարողությունները սահմանափակ են: Եվ այդ կարողությունները, իհարկե, պետք է կշռադատվեն Թուրքիայի ռազմավարական կարեւորության շրջանակներում, այն էլ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ քաղաքականության փոփոխությունը կտրուկ շրջադարձ արձանագրելովՙ ավարտին հասցրեց իրաքյան պատերազմը եւ ամերիկյան ռազմական ուժերը պետք է Թուրքիայի տարածքով Աֆղանստան տեղափոխվեն: Այս չափազանց նուրբ պայմաններում, երբ Անկարան էլ հսկայական ճնշում էր բանեցնում ցեղասպանության հարցի վերաբերյալ, նախագահը պետք է ընտրություն կատարեր իր ռազմավարական առաջնահերթությունների եւ ներքին որոշ մտահոգությունների միջեւ: Եվ զարմանալի չէ, որ նժարը թեքվեց հօգուտ Թուրքիայի, որն իր հերթին կարողացել էր ուժեղացնել իր դիրքերը «ճանապարհային քարտեզ» անվանումով խաբուսիկ փաստաթուղթ ստորագրել տալով Հայաստանի կառավարությանը: Ինչ վերաբերում է ֆինանսական օժանդակությանը, Մ. Նահանգների վարչակազմն առաջնորդվում է համեմատական կարեւորության սկզբունքովՙ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ռազմավարական եւ Բաքվի նավթահորերի նշանակությանը: Չմոռանանք, որ Թուրքիան այսօր Արեւմուտքի վրա ազդելու առավել մեծ լծակներ ունի, քան «սառը պատերազմի» օրերին, որովհետեւ կարող է հենվել Մոսկվայի պաշտպանության եւ մահմեդական աշխարհի համերաշխության վրա: Այստեղից կարող ենք որոշակի եզրակացության հանգել եւ կուլ տալ այն դառը հաբը, որ մեր ձայնը լսելի չէ Վաշինգտոնում կամ աշխարհի այլ մայրաքաղաքներում: Մենք պարտավոր ենք առավելագույնս քաղաքականացնել մեր ընտրական զանգվածին: Ո՞ր թեկնածուն կհամարձակվի այդտեղՙ Ամերիկայում դրժել հրեական համայնքին տված իր խոստումը: Հայաստանն իր հերթին բաժանված է ներքնապես, չունի բնական ռեսուրսներ, եւ ռազմավարական կարեւորությամբ էլ զիջում է հարեւաններին: Ամերիկահայերս գուցե շատ բան չենք կարող անել բարելավելու Հայաստանի ռազմավարական նշանակությունը, բայց, ինչ խոսք, կարող ենք ավելի ակտիվ գործունեություն ծավալելով դառնալ այս երկրում քաղաքական լուրջ գործոն, որի ձայնը լսելի կլինի: Անհեթեթություն է քաղաքական ասպարեզում հավատալ, որ որեւէ իշխանություն պարտավոր է պաշտպանել մեզ, պարզապես որովհետեւ մեր դատն արդար է: Ուժն է, որ ի վերջո խոսում է: Նախքան ենթադրություններ անելը եւ հույսեր փայփայելը, մենք պետք է ճիշտ պատկերացնենք մեր ուժն ու կարողությունը, որպեսզի հստակ կարողանանք գնահատել մեր հնարավորությունները: Այդ դեպքում մենք նաեւ ի վիճակի կլինենք ճշտելու մեր ակնկալիքները: Դժբախտաբար, մեր ցանկություններից բացի կան նաեւ այլ քաղաքական գործոններ, որոնք ձեւավորում են մեր դատը: Օբաման նախագահ ընտրվեց կառավարելու այս երկիրը համաձայն երկրի տեղական առաջնահերթությունների: Իր պաշտոնավարության ընթացքում նա գուցե հարկադրված հրաժարվի տարբեր խմբակցություններին կամ համայնքներին տված իր նախընտրական խոստումներից: Մեր պարագան դրանցից մեկը կարող ենք համարել: Բայց մենք չպետք է արագ դատողություններ անենք: Դեռ 3 տարի ունենք մեր ուժերը մոբիլիզացնելու եւ առավել ազդեցիկ դառնալու համար: Մինչ այդ չեմ կարծում, որ Օբամային պախարակելը ճիշտ քաղաքականություն է: ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

No comments: