Thursday, June 18, 2009

Սիրիայի հայկական համայնքն արժանի տեղ է զբաղեցնում երկրում

/PanARMENIAN.Net/ 17.06.2009 - Հայերն ու սիրիացիները միասին երկար պատմական ճանապարհ են անցել` պահպանելով իրենց մշակույթն եւ բարի հարաբերությունները: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար ԱԼ-Ասադի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրել է 30 տարի առաջ Հայաստան այցելած հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի խոսքերը. «Սիրիան հայերի համար երկրորդ հայրենիք է»: «Եւ ես վստահ եմ, որ Սիրիայի հայկական համայնքն արժանի տեղ է զբաղեցնում երկրում»,- ասել է Սարգսյանը: Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի անկախացմամբ հայ-սիրիական հարաբերությունները որակապես նոր մակարդակի անցան: «Մերձավոր Արեւելքի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը պետության արտաքին քաղաքականության առաջնություններից մեկն է: Մենք նաեւ իրական հիմք ունենք առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Մենք համագործակցության մասին ենք պայմանավորվել տրանսպորտի ոլորտում, մասնավորապես` Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ցամաքային հաղորդակցության կարգավորման մասին»,- ասել է Սարգսյանը: «Հայ-սիրիական հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը եւ Սիրիայի հայկական համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակա-քաղաքական կյանքին: Սիրիան կարող է լուրջ աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ թե' Հայաստանի, եւ թե' Թուրքիայի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք»,- իր հերթին ասել է Ալ-Ասադը:

No comments: