Thursday, June 25, 2009

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի նորագույն պատմության մեջ նմանատիպ լայնամասշտաբ համաներում տեղի չէր ունեցել»

«Ազատություն» 24-6-2009- «Իշխող Հանրապետական կուսակցությունը, քաղաքական կոալիցիան, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ ցույց տվեց քաղաքական կամք, ցույց տվեց, որ մի պահ պետք է գա, երբ մենք պետք է սկսենք մաքուր էջից», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Շարմազանովը: Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հայտարարեց, որ իշխանությունները ամեն ինչ անում են Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու եւ ժողովրդավարական արժեքների զարգացման համար:«Կան ընդդիմադիր դաշտում գործիչներ, որոնք տարբեր հարցականներով են մոտենում: Դա իրենց իրավունքն է: Ես ընդամենը փաստն եմ արձանագրում, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ նմանատիպ լայնամասշտաբ համաներում տեղի չէր ունեցել, եւ սա, կարծում եմ, որ դրական քաղաքական հետեւանքներ կունենա», - ասաց Էդուարդ Շարմազանովը:Արձագանքելով համաներման մասին Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի հայտարարություններին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, օրերս ազատ արձակված Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հիմա էլ, դուրս գալու պայմաններում շատ անտրամադիր ենք` ես եւ դուրս եկած մեր ընկերները, որովհետեւ մյուսներին թողել ենք բանտում: Ի՞նչ տարբերություն, հիմա ես դուրս եմ եկել, իսկ Ուռուտյան Հարությունը, Մանուկյան Աշոտը, Սաղաթելյան Մուշեղը, Բարեղամյան Արամը եւ մյուսները բանտում են: Որեւէ մեկին լուրջ մեղադրանք չի առաջադրվել»:

No comments: