Thursday, June 25, 2009

Financial Times Deutschland: Գորշ կարդինալ Ռաֆսանջանին

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - Այաթոլլա Ալի Ակբար Ռաֆսանջանին իրենից ներկայացնում է Իրանում ներկա հակամարտության առանցքային անձը: Նա Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի ամենաազդեցիկ ընդդիմախոսներից մեկն է, ով առանձնապես ժողովրդականություն չի վայելում: «Այդ մարդու հետ լավ է չվիճել. 74 տարեկան Ռաֆսանջանիի մասին ասում են, որ նա ընդունակ է անողոք հարվածներ հասցնել: Այժմ իրանական ընդդիմությունը հույս է կապում դրա հետ: Ռաֆսանջանին Իրանի հոգեւոր առաջնորդ Համենեիի ընդդիմախոսն է եւ նախագահական ընտրություններում աջակցել է ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին, այն դեպքում, երբ Ալի Համենեին աջակցել է իր ֆավորիտին` Ահմադինեժադին: Այդպիսով, «նախագահի թեկնածուների միջեւ մենամարտը, ըստ էության, եղել է երկու կրոնական գործիչների պայքարը», - գրում է Financial Times Deutschland-ը: Ընդ որում, թերթի կարծիքով, Ռաֆսանջանին իր ձեռքում հաղթաթուղթ ուներ. գլխավորում էր Ընդունվող որոշումների նպատակահարմարության որոշման խորհուրդը, որն իրավունք ունի ընտրելու եւ պաշտոնանկ անելու հոգեւոր առաջնորդին: Նախորդ շաբաթվա վերջում ձերբակալվել էին խորհրդի ղեկավարի ընտանիքի անդամները: Նման սադրանքը կարող է հանգեցնել երկու այաթոլաների բացահայտ դիմակայության: Ըստ տարածվող լուրերի, ներկայումս Ռաֆսանջանին կողմնակիցներ է հավաքում Համենեիին հարված հասցնելու համար: «Սակայն, չնայած Մուսավիին աջակցելուն, Ռաֆսանջանին ժողովրդականություն չի վայելում. նա կաշառքների վրա հարստություն դիզած սրիկայի համաբավ է վայելում: Նրա կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար: Չորս տարի առաջ, երբ նա իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններում, Ահմադինեժադը նախընտրական քարոզարշավում շեշտը դրել էր բնակչության շրջանում իր հակառակորդի հանդեպ հակակրանքի վրա: Ընդդիմության համար Ռաֆսանջանին փրկության վերջին հույսն է: Նա առանձնանում է չափավորությամբ եւ պրագմատիզմով, հանդես է գալիս բարեփոխումների օգտին, որոնք, իմիջիայլոց, չպետք է սպառնալիք ներկայացնենի գոյություն ունեցող համակարգին», - ընդգծում է FDT-ն:

No comments: