Saturday, August 8, 2009

Եթե 2008թ. Վրաստանի ծրագիրը չտապալվեր, Հայաստանն այժմ պատերազմի մեջ կլիներ

/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - Անցյալ տարվա օգոստոսյան դեպքերը Վրաստանում ցույց տվեցին շահագրգռված կողմերի իրական դիրքորոշումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով, վրացա-ռուսական հակամարտությունը կարեւոր դեր խաղաց Հայաստանի համար: «Ես կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախադեպ կդառնա Անդրկովկասի մնացած չճանաչված պետությունների համար, իսկ ստացվեց հակառակը»,- ասել է հայ քաղաքագետը` նշելով, որ անգամ այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսիք են Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախացան, իսկ ԼՂՀ-ն` ոչ: Շաքարյանցը նաեւ նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հետ հավասար պատերազմ էր պատրաստում Հայաստանի դեմ, բայց դրան խանգարեցին Ռուսաստանի գործողությունները: «Եթե Վրաստանի ծրագիրը չտապալվեր, Հայաստանն այժմ պատերազմի մեջ կլիներ»,- ասել է Շաքարյանցը: Նրա խոսքով, անցյալ տարի Ադրբեջանը երեք անգամ արդեն Ղարաբաղի վրա հարձակվելու փորձեր է ձեռնարկել, բայց ղարաբաղյան զորքերի շնորհիվ այդ փորձերը ձախողվել են: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հարավօսական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու մասին պայմանավորվածության ձեռքբերումից բառացիորեն մի քանի ժամ անց վրացական ռազմական ենթաբաժանմունքները ուխտադրուժ, զանգվածային հարձակում ձեռնարկեցին Ցխինվալի վրա: Ուժային սցենարը գործադրվեց վրացական ղեկավարության կողմից, չնայած բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք նախաձեռնվեցին Մոսկվայի, Թբիլիսիի, Ցխինվալի, Վաշինգտոնի եւ այլ շահագրգռված մայրաքաղաքների միջեւ կապերի միջոցով: Հարավային Օսիայի այդ ռազմական գործողությունը տեւեց մինչեւ օգոստոսի 12-ը: Սահակաշվիլիի գործողությունները Ռուսաստանի անհապաղ պատասխանը ստացան, որն իր ռազմական ստորաբաժանումներն էր պահում տարածաշրջանում: Մոսկվան լրացուցիչ ռազմական զորակազմ, տանկեր ու զրահամեքենաներ ուղարկեց Վրաստանի տարածք: Վրացական բանակը չկարողացավ դիմադրել ռուսական բանակին: Այն շատ արագ պարտվեց: Երկու կողմերը համաձայնվեցին հրադադարի Ֆրանսիայի առաջարկած պայմաններով: Օգոստոսի վերջին ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը:

No comments: