Monday, August 10, 2009

Հայաստան. սահմանային ռեժիմը անհետաձգելի արտագաղթ է հրահրում

A1+ - 10-8-2009- Հայ-թուրքական սահմանով ձգվող դատարկվող գյուղերի բնակչությունը բողոքում է սահմանային խիստ ռեժիմից, որն ըստ իրենց` կյանքն ահնարին է դարձնում եւ գերադասում են լքել դրանք. հանգամանք, որը վերլուծաբանների կարծիքով սպառնում է երկրի անվտանգությանը: Այսպես, Ախուրյան գետի ձախ ափին ծվարած, մեկդարյա պատմություն ունեցող սահմանամերձ Խարկով գյուղում ընդամենը մեկ ընտանիք է մնացել: Գյուղը փշալարե օղակի մեջ էր առնվել 1949-ից: Այն ժամանակ Խարկովը միջին մեծության գյուղ էր` 80-ից ավելի ընտանիքներով: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, եւ ներկայում եղած փակ սահմանները ժառանգություն են մնացել վաղ 1990-ականներին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ պատերազմից հետո: 2008-ի օգոստոսին Խաչատրյանների ընտանիքը եւս լքեց բնակավայրը, տեղափոխվելով 7 կմ հեռու գտնվող Անի ավան: Նրանք ասում են, որ ճարահատյալ են այդ քայլին գնացել. հավաքել են տան կահ-կարասին, կողպել պապենական տան դռներն ու տեղափոխվել: «Թոռնիկս պիտի դպրոց գնար, ուզեինք-չուզեինք պիտի դուրս գայինք Խարկովից», - ասում է ընտանիքի հայրը` Ավետիք Խաչատրյանը: 59-ամյա Ավետիքը պատմում է, որ բնակչության արտագաղթը սկսվել էր դեռեւս 1960-ականներին: Մարդիկ գնում էին` չդիմանալով գոյություն ունեցող սահմանային ռեժիմին: Գյուղի դպրոցը 4-ամյա էր, չկային նորմալ ճանապարհներ, որոնք մինչեւ օրս էլ սայլի բացած արահետներ են հիշեցնում: Կապն արտաքին աշխարհի հետ խարկովցիներին պատկերվում էր սահմանապահ ուղեփակոցի տեսքով: Վերջին տարիներին շատացել էին անասնագողության դեպքերը ու մեղքը հիմնականում բարդվում էր բնակիչների վրա: Ավետիքը պատմում է, որ գյուղի բնակիչները գյուղից բացակայելու եւ վերադառնալու համար պիտի հատուկ անցաթուղթ ունենային: Վիճակը բարդանում էր, երբ գյուղում որեւէ մեկը ամուսնանում էր կամ մահանում: Խարկովցիները պարտավոր էին սահմանապահներին տրամադրել դրսից ժամանած հարազատների ցուցակը: «Ցուցակով ներս էին թողնում, հաջորդ օրը նույն ցուցակով բաց թողնում մարդկանց,-պատմում է Ավետիքի կինը` տիկին Մելսիդան:- Գյուղում պիտի օտար մեկը չմնար: Եղել է դեպք որ ձգձգված ստուգումների պատճառով թաղման արարողությունը գերեզմանատանը կատարվել է երեկոյան ժամը 8-ին»: Ներկայում Խարկովում միայն 70-ամյա Վարդանյան ամուսիններն են ապրում: Աղվան Վարդանյանի տղան ծառայում է տեղի սահմանապահ ուղեկալում: Ազագյին ժողովի պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը վտանգավոր է համարում հանգամանքը, որ սահմանները մի քանի կիլոմետրով առանց բնակչության են մնում. «Իրականում սահմանը գյուղացին է պահում ու նրանց համար առավել դժվար է, որ սահմանից այն կողմ հակառակորդ է: Այս կտրվածքով երբ կառավարությունը սահմանի մոտ ապրող գյուղացու համար նորմալ պայմաններ չի ապահովում, սահմանի լինել չլինելու հարցն է կանգնում»: «Եթե սահմանին չունես գյուղեր, ուրեմն պիտի կամ ունենաս շատ հզոր բանակ, ինչը մեր պետությունը իրենց երկար ժամանակ թույլ տալ չի կարող, կամ ուղղակի պիտի հրաժարվես այդ սահմանը հսկելուց: Այս դեպքում ամենավտանագավորն այն է, որ երկար ժամանակ այդ տարածքները անբնակ չեն մնա, քանի որ գլոբալիզացիայի պայմաններում այդտեղ շատ արագ ապրելու կգան այլ մարդիկ ու ինչու չէ, հենց հարեւան Թուրքիայից», - ասում է Սաֆարյանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը թվարկում է այն պատմական գյուղերը, որոնք Ախուրյանի ջրամբարի կառուցման պատրվակով խորհրդային իշխանությունների հրամանով տեղահանվեցին Ախուրյան գետի ափից: 1980-ականներին մի խումբ խարկովցիներ գյուղը վերականգնելու փորձեր ձեռնարկեցին: Բազմաթիվ դիմումներն այդպես էլ արձագանք չգտան, թեպետ գյուղը լքած նախկին խարկովցիները ձգտում էին վերադառնալ հայրենի գյուղ: «Խորհրդային տարիներին, երբ ամեն ինչ արվում էր, որպեսզի սահմանամերձ բնակավայրերը դատարկվեն կամ հեռացվեն հատկապես հայ թուրքական սահմանից, նման նախաձեռնությունը բնականաբար պիտի դատապարտվեր անհաջողության»,-իր տեսակետն է հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը: Անդրադառնալով Թուրքիայի տարածքում համանուն ջրամբարի ու գետի ափին տեղակայված գյուղերին` Շիրակի թեմի առաջնորդը փաստում է. «Այնտեղ փշալարե արգելապատնեշներ չկան ու ամեն ինչ արվում է, որ այդ գյուղերը զարգանան»: «Ինձ շատ նվաստացնում է Խարկովի այս վիճակը, - ասում է Միքայել Սրբազանը:- Ախր ինչ գործ ունի բնակավայրը փշալարե աքցանի մեջ: Եթե արդեն կա բնական արգելապատնեշ` գետի ու ջրամբարի տեսքով, ինչի են պետք արհեստականները»: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը չի ժխտում, որ Խարկովի դատարկվելը գոյություն ունեցող խիստ սահմանային ռեժիմի արդյունքն է: Մարզպետը չի մոռանում նշել, որ մարզում էլի սահմանամերձ բնակավայրեր կան, որոնք դեռ գոյատեւում են եւ որտեղ մարզպետարանը ձգտում է կանխել նախորդ տարիների արտագաղթը` լուծում են խմելու ջրի, գազի, ճանապարհների հարցը: «Վերջերս խնդիրներ էին ծագել սահմանամերձ Մեղրաշատ գյուղում, որի գոմերը կարելի է ասել հայ-թուրքական սահմանի վրա են ու մի քանի ամիս առաջ անասնագողության դեպք էր կանխվել»,- պատմում է տիկին մարզպետը: «Սահմանապահ զորքերը պահանջում էին, որ մեր բնակիչները հեռացնեն գոմերը սահմանից, անասունը արոտ չտանեն: Ես մերժեցի, իրենք դրա համար վարձատրվում են, ուրեմն թող իրենց աշխատանքը լավ կատարեն, սահմանը հսկեն: Եթե համաձայնվեի, ապա մեջտեղ իմ ժողովուրդն էր տուժելու»,- շեշտում է Նանյանը: Ախուրյանի ջրամբարի մոտ գտնվող սահմանամերձ մի շարք գյուղերի պատկանող հողատարածքները մշակելու համար գյուղացիները պարտավոր են անցաթուղթ ունենալ: Կես դարից ավելի է այդ կարգն է սահմանված, բայց էլի բնակիչները դժգոհում են: «Ես հիմի ճիշտ է էլ Խարկովում չեմ ապրում, բայց հող ունեմ էնտեղ, պիտի գնամ, որ մշակեմ»,- ասում է Ավետիք Խաչատրյանը: «Արդեն անցաթուղթն էլ ունեմ, մինչեւ տարվա վերջ ելք ու մուտքի թույլտվություն ունեմ: Բայց հավատացեք, որ արհեստական խոչընդոտները չեն պակասել: Էն օրն օրինակ առավոտը 8-ից ուղեփակոցի դեմ սպասել եմ, ժամը 13-ին նոր բացել են, հետո էլ չթողեցին երկար աշխատեմ, եկան ասին երեկոյան ժամը 20-ն է, դուրս եկեք: Բա էղավ...»: Երանուհի Սողոյանը ազատ լրագրող է Գյումրիում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)

No comments: