Monday, August 10, 2009

«Նախագահ Սարգսյանն իրավունք ունի և կարող է չմեկնել Թուրքիա» - Լևոն Մելիք-Շահնազարյան

HayInfo. 10-8-2009- Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր ասուլիսին լրագրողների խնդրանքով անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն հարցին, թե արդյոք պե՞տք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այց կատարի Թուրքիա՝ դիտելու երկու երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը:Այդ մասին գրում է ԱՅՍՕՐԲանախոսը գտնում է, որ այդ այցը պետք չէ, քանի որ Թուրքիան՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը կապելով Ղարաբաղյան խնդրին, փաստորեն, խախտել է հայ-թուրքական բանակցությունների հիմնական պայմանը՝ չառաջադրել որևէ նախապայման: Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ և քաղաքական, և բարոյական իմաստով, «նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք ունի և կարող է չմեկնել Թուրքիա», սակայն նրա որոշման վրա դրսից ճնշում է գործադրվում: «Համոզված եմ, որ հոգու խորքում նախագահ Սերժ Սարգսյանը չի ուզում այց կատարի Թուրքիա: Սակայն, մենք չգիտենք, թէ ինչ ճնշման է այսօր ենթարկվում և Թուրքիան, և Հայաստանը», - ասաց նա, հավելելով, որ դա կարող է լինել Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների ճնշումը:Ըստ բանախոսի, արևմտյան երկրների որոշ ղեկավարներ գտնում են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կամաց- կամաց կթեքվի դեպի Արևմուտք և կկտրվի Ռուսաստանից, ինչի դեպքում Անդրկովկասն ամբողջությամբ կդառնա արևմտամետ տարածաշրջան:«Այսօր տարածաշրջանի այդ ամբողջականությանը խանգարում է Հայաստանի դիրքը: Եվ եթե սահմանի բացումը ունենար բարոյական խնդիր, ապա մնացած հարցերը, դրա հետ կապված, մենակ քաղաքական են», - ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:Նշելով, որ անձամբ միշտ դեմ է եղել հայ-թուրքական սահմանի բացմանը, Լ.Մելիք-Շահնազարյանն ասաց, որ դա կբերի հայկական թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության մահվան կամ հոգեվարքի: Ըստ քաղաքագետի, սահմանի բացման մեջ Հայաստանում առավել հետաքրքրված են ներմուծող գործարարները: «Ես տեսնում եմ վտանգ նաև ռազմավարական տեսանկյունից, քանի որ եթե այսօր, երբ սահմանը փակ է, Թուրքիան ժամանակ առ ժամանակ մեղադրում է Հայաստանին, իբր այստեղ Քրդական Բանվորական կուսակցության ճամբարներ կան, ապա այդ մեղադրանքները «ավելի հիմնավոր» կլինեն, երբ սահմանը բացվի»,- ասաց քաղաքագետը:Լևոն Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ թուրքական կողմը կգնա ավանտյուրայի և նախագահ Սարգսյանի այցից առաջ կբացի սահմանը միայն մի քանի օրով:«Մենք կարծես թե այդպիսի հնարավորություն մատուցել ենք Թուրքիային: Համարում եմ, որ այդ դեպքում գնալը սխալ կլինի », - ասաց քաղաքագետը, ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ ֆուտբոլային խաղը տեղափոխել են այնպիսի մի քաղաք, որտեղ գնալն ու գալը հնարավոր է նաև ավտոմեքենայով:

No comments: