Wednesday, August 12, 2009

«Հայկական Բուենոս Այրես»-ն անցնում է Արգենտինայի մայրաքաղաքում

/PanARMENIAN.Net/ 11.08.2009 - 2009թ. օգոստոսի 10-ին Բուենոս-Այրեսի մշակույթի նախարարության Պատմական եւ մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Բուենոս-Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ մեկնարկեց «Հայկական Բուենոս Այրես» անվանումը կրող միջոցառումը: Բուենոս Այրեսի կառավարության կողմից իրականացվող այս պատմամշակութային ծրագրի նպատակն է ցույց տալ Արգենտինայի մայրաքաղաքում բնակվող հայերի դերը քաղաքի մշակութային, տնտեսական, հանրային, հումանիտար ոլորտներում, ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, հայերի` Արգենտինա ներգաղթելու պատճառներն ու անցած գրեթե 100 տարիների ընթացքում նրանց նվաճումները որպես Արգենտինայի քաղաքացիներ: «Հայկական Բուենոս Այրես» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի հնագույն շինություններից մեկի՝ Արգենտինյան Հանրապետության առաջին Խորհրդարանի նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան Պատմական եւ մշակութային ժառանգության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Լետիսիա Մարոնեսեն, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Արգենտինայի ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, Ժառանգության ու պատմության ինստիտուտի գլխավոր տնօրեն Լիլիանա Բարելան եւ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: «Հայկական Բուենոս Այրես» ծրագիրը, որի մեջ ներառված են «Հայերի ներգաղթը Բուենոս Այրես», «Հայերը եւ կրոնը», «Ցեղասպանություն եւ ժխտողականություն», «Հայ կնոջ դերը հասարակության մեջ», «Հայկական մամուլ», «Հայկական արվեստ», «Հայկական խոհանոց» եւ այլ թեմաներ, կավարտվի համայնքային համույթների համերգով:

No comments: