Thursday, August 6, 2009

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՇՆԱՆԸ

«Լրագիր» 5.5.2009- Հայ ազգային կոնգրեսը սկսել է մարզային հանդիպումների շարքը: Այսօր առաջինը Կոնգրեսի ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Այնտեղ հանդիպում տեղի ունեցավ Հրազդանի բնակիչների հետ, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց նաեւ քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի տուն: “Ինձ հիացնում է ձեր միասնական թիկունքը` մեր երկրի հերոսի` Սասուն Միքայելյանի համար,- Հրազդանում Վանատուր թաղամասի բնակիչներին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելեց,- 1988-89թթ, երբ Սասունն ու մյուսները գնում էին Ղարաբաղի լեռները, նրանք չէին մտածում ոչ իրենց ապագայի, ոչ իրենց կարիերայի, եւ ոչ էլ բարեկեցության մասին: Այսօր ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեր երկրին տիրում են որովայնով առաջնորդվող մարդիկ. ոչ մի մարդկային մտածողություն չկա: “Ազգային”, “պետական մտածողություն” բառերը նրանք անընդհատ կրկնում են` իրենց որովայնը թաքցնելու համար: Որեւէ այլ հետաքրքրություն այդ մարդիկ չունեն: Սկսած նախագահից մինչեւ վերջին նախարարը` բոլոր հղփացած օլիգարխների համար այսօր ոչ պետություն կա, ոչ ժողովուրդ կա, ոչ Ղարաբաղ կա, ոչ Հայաստանի ապագա կա: Եթե իրենց ունեցվածքին, հարստությանը մի փոքր սպառնալիք լինի, նրանք Ղարաբաղն էլ կծախեն, Հայոց ցեղասպանությունն էլ կծախեն, որն արդեն ծախեցին”: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրազդանցիներին նաեւ վստահեցրեց, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է: “Դրանք էլ են անցնելու: Աշխարհում չկա որեւէ մղձավանջ, որը վերջ չունենա: Դրա համար միայն միասնություն է պետք եւ պայքարի շարունակություն: Այս իշխանությունները չունեն այն հեռատեսությունը, որ բոլոր քաղբանատարկյալների հարցը միանգամից լուծեին: Սասունն էլ է ազատվելու, բոլորն էլ ազատվելու են: Իրավիճակի փոփոխություն եղավ մայիս-հունիսին, երկրորդ փոփոխությունը լինելու է աշնանը: Մի քիչ համբերություն”,- կոչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:Կոնգրեսի ղեկավարների հաջորդ մարզային հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Գյումրիում:

No comments: