Thursday, August 6, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՆԱՍ ԹՇՆԱՄԻ

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, այսպիսի հեռանկար է սպասվում մեր երկրին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի Թուրքիա մեկնելուց:
- Ընդամենը օրերս, Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը, թե՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե լինեն բաց սահմաններ կամ լինի դրա նախօրյակը: Արդյո՞ք դա Սարգսյանի կողմից առաջադրված նախապայման չէ: Որքան հիշում եմ, Թուրքիայի նախագահը անցյալ տարի Հայաստան գալու համար որեւէ նախապայմանի մասին չէր բարձրաձայնել, եւ Թուրքիա այցելելու հրավերն էլ ՀՀ նախագահին արվել էր ոչ թե բանակցելու, այլ ֆուտբոլային խաղ դիտելու համար: - Ակնհայտ է, որ դա նախապայման է, բայց այստեղ շատ ավելի կարեւոր հարցեր կան: Բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերերություններում «ֆուտբոլային դիվանագիտության» այս գործընթացը ի սկզբանե կոպիտ սխալ էր Սերժ Սարգսյանի կողմից, եւ հիմա նա, վստահ եմ, որ գիտակցում է իր սխալը եւ հասկացել է, որ ինքը Թուրքիայի կողմից երեխայի նման խաբված է: Իսկ քաղաքականության մեջ՝ մանավանդ արտաքին հարաբերություններում, խաբված լինելը ամենամեծ թուլությունն է: - Խաբված է ինչո՞ւմ: - Ս. Սարգսյանը դեռ անցյալ տարվա ամռանը հայտարարեց, որ ինքը համաձայն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում կառավարությունների մակարդակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ձեւավորելուն, ինչը փաստացի կասկածի տակ էր դնում Ցեղասպանության փաստը: Դրանով նա Թուրքիային արդեն տվեց այն, ինչն այդ երկիրը երազում էր ու մինչ այդ ստանալու հույս էլ չուներ: Այդ հայտարարությունից հետո փաստաթուղթ ստորագրել այլեւս պետք էլ չէր: Բայց ապրիլի 22-ին, երբ ստորագրվեց նաեւ համատեղ հայտարարությունը, տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք նախորդ ամռանը՝ Սարգսյանի հայտարարությունից հետո, ասել էինք. առանց ԼՂ հիմնախնդրում էական փոփոխությունների Թուրքիան հայ-թուրքական սահմանը չի բացելու: Այսինքն, Սարգսյանը փորձում էր ԼՂ հարցից լրիվ անջատ լուծել հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ինչը իրատեսական քաղաքականությունից հեռու է: Հիմա նա հասկանում եւ, ըստ էության, ընդունում է, որ դա իսկապես այն ճանապարհը չէր, որով պետք էր գնալ՝ նախապես անելով աննախադեպ զիջում: Թեեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ են ասում, որ ԼՂ հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները իրար հետ կապ չունեն, բայց այդ հավաստիացումները ֆորմալ բնույթ են կրում: Իրականում դրանք միեւնույն փաթեթում են, եւ իրավիճակն էլ այս իմաստով շարունակում է մնալ նույնը, ինչ կար նախքան «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսների արդյունքում: Բայց գործնականում հիշյալ հայտարարություններից Թուրքիան արդեն ստացել է շատ մեծ դիվիդենտներ: Ըստ էության, արդեն կանգնեցվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, եւ Թուրքիան լուծեց իր համար կենսական խնդիր՝ Օբաման ապրիլի 24-ին նվիրված իր ուղերձում չարտասանեց ցեղասպանություն բառը: - Բայց արդյո՞ք դա իրավիճակային լուծում չէր: Չէ՞ որ գալիք տարի էլ Օբաման ուղերձ է հղելու, որտեղ կարող է արտասանել այդ բառը, առավել եւս, որ ամերիկյան կոնգրեսականները նրա ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի կատարում իր խոստումը՝ փակ է պահում հայ-թուրքական սահմանը: - Ոչ, դա իրավիճակային լուծում չէր: Տեղի է ունեցել անշրջելի փոփոխություն: Հիմա նոր հասկանալով իր կատարած սխալի արդյունքում տեղի ունեցած զարգացումների վտանգավորությունը, Սերժ Սարգսյանը փորձում է գործել, ըստ իս, երկրորդ սխալը, երբ հարցականի տակ է դնում հոկտեմբերին իր Թուրքիա մեկնելը: Վստահ եմ, որ դա լուրջ վնաս կլինի Հայաստանի համար՝ անկախ իշխանություն-ընդդիմություն ներկայիս հարաբերություններից, որովհետեւ անցյալ տարի արած իր եւ այս տարի ստորագրված համատեղ հայտարարություններից հետո Թուրքիա մեկնելուց հրաժարվելով, նա, ըստ էության, ցույց կտա Հայաստանի թուլությունը: Երբ ընդունում ես, որ խաբվել ես, դա արդեն թուլության նշան է: Երկրորդ, դրանով Ս. Սարգսյանը արդեն կհռչակի, որ Հայաստանը Թուրքիայի թշնամին է, իսկ այս պայմաններում Հայաստանը կհայտնվի արդեն Թուրքիայի համար շատ անվնաս թշնամու կարգավիճակում: Երրորդ, Թուրքիա չգնալու դեպքում Ս. Սարգսյանը մեծ նվեր կմատուցի Ադրբեջանին, որովհետեւ դրանից հետո նա կընդգծի, որ Ադրբեջանի դերը հայ-թուրքական հարաբերություններում շատ մեծ է, նույնիսկ որոշիչ է, ինչը կնշանակի նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության շատ լուրջ հաջողություն եւ Ադրբեջանի դիրքերի ամրապնդում, եւ դա անմիջապես կարտացոլվի ղարաբաղյան պրոցեսում: Ըստ իս, Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա՝ ծայրահեղ դեպքում միայն ֆուտբոլ դիտելու համար, բայց չգնալը, կարծում եմ, կլինի Հայաստանի համար հերթական, բավականին կոպիտ սխալ: - Դուք ասացիք, թե ինչ կշահի Ադրբեջանը, եթե Սարգսյանը Թուրքիա չմեկնի: Իսկ Թուրքիան դրանից ինչ-որ բան կշահի՞: - Այո, իհարկե: Շահում է նրանով, որ եթե հիմա Թուրքիային ինչ-որ տեղ մեղադրում են ապրիլի 22-ին հրապարակված համատեղ հայտարարությունից նահանջելու մեջ, ապա Սարգսյանի Թուրքիա չմեկնելու պարագայում այդ երկիրը պատասխանատվությունն ամբողջությամբ կդնի Հայաստանի վրա: Ի վերջո, խուսափել բանակցություններից նշանակում է՝ ցույց տալ քո թուլությունը: - Իսկ եթե Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշի Թուրքա մեկնել: Դա ի՞նչ կտա Հայաստանին եւ արդյո՞ք կխթանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: - Մինչեւ հիմա Թուրքիան, մանավանդ համատեղ հայտարարությունից հետո, շատ ակտիվ եւ տարբեր մակարդակներով այդ հարցը կապում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Հայաստանը, կարծես, առանձնապես պատասխաններ չէր տալիս դրան, իսկ Թուրքիա մեկնելը հնարավորություն է տալիս քննարկել նաեւ այդ հարցը: Քննարկումները բոլոր դեպքերում ավելի ճիշտ են, քան միայն մամուլում հայտարարություններ անելը: Ի վերջո, դա Հայաստանի թուլության դրսեւորում չի լինի եւ չի նշանակի, որ ՀՀ փաստացի ղեկավարը այնքան թույլ է, որ նույնիսկ քննարկումից խուսափեց: Հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների այդ «ֆուտբոլային» փուլի տապալումից Թուրքիան ոչ միայն շահած, այլեւ մաքուր դուրս կգա: - Սարգսյանն այն ժամանակ հրավերը կարծես թե ընդունել էր՝ չունենալով իր թուրք գործընկերոջ հավաստիացումը, թե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բացված կլինի: - Արդեն իսկ մի առիթով մամուլով ասել եմ, որ Սերժ Սարգսյանը սխալ էր արել, երբ ինքն իր համար հայ-թուրքական սահմանի բացման վերջնաժամկետ էր սահմանել, եւ ընդհանրապես ճիշտ չէ դիվանագիտությունն ու քաղաքականությունը սպորտային միջոցառումների գրաֆիկին հարմարեցնելը: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ «Առավոտ» 5-8-2009

No comments: