Wednesday, August 5, 2009

«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»

«Ազգի» խմբագրությանն է դիմում թուրքական հեռուստատեսությունը Հուլիսի 30-ին թուրքական Haberturk հեռուստատեսության «Լուրեր» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ, հաղորդավարը, պարզաբանելու համար ՀՀ նախագահիՙ ֆուտբոլային պատասխան խաղին առնչվող հայտարարությունները, ուղիղ եթերում հեռախոսով դիմեց «Ազգ»-ի թուրքագետ մեկնաբան Հակոբ Չաքրյանին: Բնականաբար, հարցազրույցը թուրքերեն էր, հետեւաբար հենց Հ. Չաքրյանին դիմեցինք այն վերարտադրել:
- Պարոն Չաքրյան, Հայաստանի նախագահի ֆուտբոլային պատասխան հանդիպմանն առնչվող վերջին հայտարարությունները լայն արձագանք չգտան Թուրքիայում, իհարկե նաեւ չխրախուսվեց, որ գտնեն: Ինչպիսի՞ն է հայ հասարակության վերաբերմունքը այդ հայտարարություններին: - Նախագահ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չեն գտել նաեւ Հայաստանում, քանի որ նա մինչ այդ նման հայտարարություններ արդեն արել էր: Սակայն Թուրքիայի հետ մերձեցման գործընթացին նրա ցուցաբերած աջակցությունը հակազդեցություն է առաջ բերել երկրում եւ աջակցության պատճառով կառավարող կոալիցիայի անդամ Դաշնակցությունը դուրս է եկել կառավարության կազմից: Այսինքն, բուն խնդիրը ֆուտբոլային հանդիպման համար երկրի նախագահի Թուրքիա գնալ-չգնալը չէ, այլ Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցումը: Ներկայումս Հայաստանում այդ մերձեցման դեմ գոյացել է ազդեցիկ ընդդիմություն: - Այսինքն, Հայաստանի նախագահի «Թուրքիա չգալու» հայտարարությունները ներքին ազդակներո՞վ են պայմանավորվում: - Ոչ: Որքան էլ նախագահը ենթարկվի քննադատության, այդ հայտարարությունները չի կարելի ներքին ազդակներով պայմանավորել, որովհետեւ նրա դեմ գոյացող ընդդիմությունը որոշակի դարձավ այն ժամանակ, երբ ապրիլի 22-ին հրապարակվեց Հայաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի արտգործնախարարությունների միաժամանակյա համատեղ հայտարարությունը, ապրիլի 24-ին Բարաք Օբաման զերծ մնաց «ցեղասպանություն» բառի օգտագործումից, իսկ վարչապետ Էրդողանն այնուհետեւ սկսեց Թուրքիայի հայկական սահմանի բացումը վերստին պայմանավորել Ղարաբաղի հիմնահարցով եւ Ադրբեջանի վերաբերմունքով: - Գուցե առաջիկա մի քանի ամիսներին առաջընթաց արձանագրվի Ղարաբաղի հարցում եւ նախագահ Սարգսյանը մտածի Թուրքիա գալու մասին: - Առաջիկա ամիսներին որեւէ առաջընթաց Ղարաբաղի հարցում չի արձանագրվի, եւ այդ հարցը չեմ կարծում, որ առնչություն ունենա նախագահ Սարգսյանի Թուրքիա գնալ-չգնալու որոշման հետ: - Ի՞նչ կարծիքի եք, այնուամենայնիվ, Հայաստանի նախագահը Թուրքիա կգա՞, թե՞ ոչ: - Նա ասել է, որ Թուրքիա կմեկնի, եթե սահմանը բաց լինի կամ ստեղծված լինեն Հայաստանի ապաշրջափակման նախադրյալները: Այսինքն, Հայաստանի նախագահի ձեւակերպումներն այնքան հստակ են, որ նա, իմ կարծիքով, առանց որեւէ տեղաշարժի Թուրքիա չի գա: Ոմանք այնտեղ այս ձեւակերպումները ներկայացնում են իբրեւ նախապայման, սակայն նախագահ Սարգսյանը խոսեց նաեւ թուրքական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ նույն նախադասության մեջ բացահայտորեն նշեց, որ դրանք սահմանի բացումն ու շրջափակման վերացումն են: Կնշանակի թուրքական կողմը չի կատարել հայկականի հետ շփումներում ստանձնած պարտավորությունները: Այլ կերպ, նրա Թուրքիա գնալ-չգնալը պայմանավորված է հենց այդ պարտավորություններով: Ի դեպ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ դանդաղել է Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը, կարծես ցույց տալու համար Հայաստանի նախագահի իրավացիությունը: - Հայաստանում բնակչությունն ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: - Չնայած ընդդիմացողների առկայությանը, բնակչությունն ընդհանրապես դրական է վերաբերվում, թեեւ քաղաքական հարցերը իշխանություններն են լուծում, բայց եւ այնպես ժողովուրդը գիտի, որ աննորմալ երեւույթ է սահմանակից երկրների միջեւ հարաբերությունների բացակայությունը, եւ այդ սահմանը վաղ թե ուշ բացվելու է: Զաֆեր բեյ, այնուամենայնիվ, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ Հայաստանի նախագահը դիվանագիտական քաղաքավարության շրջանակներում արձագանքեր նախագահ Գյուլի հրավերին եւ պատասխան այցով մեկներ Թուրքիա: Մանավանդ որ ֆուտբոլային հանդիպում դիտելու համար կատարված այցը երբեք չի կարող պարտավորեցնող լինել: Կարծում եմ, նախագահ Սարգսյանը հայտարարություններում շտապել է:

No comments: